ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱԿԱՅԻՆ ՄՈՐԹՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

Ի պատասխան մեր հրապարակած այն տեղեկատվությանը, թե Տավուշի մարզում գրանցվել է խոզերի անկման հերթական դեպքը, սննդի անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 21-ին հայտարարություն էր տարածել, որով հերքվում էր Նոյեմբերյանի տարածաշրջանում խոզերի անկման, հիվանդության եւ կասկածելի մսի վաճառիքի մասին տեղեկատվությունը: Նկատենք, որ առավելապես խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակ հետապնդող այդ հրապարակման մեջ նշել էինք, որ Կոթիի Ձիանու ուրթ սարամասում մի քանի խոզ է անկվել:

Հոկտեմբերի 22-ին զանգահարեցինք Կոթի համայնքի անասնաբույժ Սասուն Նազարյանին, ով հաստատեց, որ մեկ ամիս առաջ Ձիանու ուրթ սարում 3 խոզ է հիվանդացել, որոնք տիրոջ կողմից ենթարկվել են հարկադիր մորթի, իսկ միսն էլ օգտագործվել է: Ս. Նազարյանն ասաց, որ կենդանիների հիվանդության պատճառը կանաչած կարտոֆիլից թունավորվելն էր: Հավելենք, որ անասունների հիվանդանալու պատճառը կարող է որոշվել միայն նրանց մսի լաբորատոր հետազոտության արդյունքում, որը տվյալ դեպքում չի արվել:
Երբ գրել էինք խոզերի հիվանդանալու մյուս դեպքի մասին, նկատի ունեինք Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Խաչիկյանին պատկանող անասունները: Վերջինս խոզապահությամբ է զբաղվում Նոյեմբերյան քաղաքից մոտ 30 կմ հեռավորությամբ գտնվող Կարմիրգյուղ սարում: Նոյեմբերյանում հանդիպեցինք նրա հորը՝ Սամվել Խաչիկյանին, ով շատ դժկամորեն էր խոսում խոզերի մասին` մեր հարցերը համարելով վիրավորական: Չի բացառվում, որ դրա պատճառը սննդի անվտանգության պետական ծառայության աշխատողների հետ խոզերի մասին մինչ այդ կայացած տհաճ զրույցը լիներ: Ինչեւէ, Սամվել Խաչիկյանն ասաց, որ այս ամառ վաճառվել են իր որդու՝ Սարգիս Խաչիկյանի 5 խոզերը, որոնք հիվանդ չեն եղել: Վաճառված այլ խոզերի մասին նա ոչինչ չհայտնեց:
Մինչդեռ Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատան մոտ գտնվող սպանդանոցում հաստատեցին, որ Սարգիս Խաչիկյանը վերջերս մեկ խոզ է հանձնել սպանդանոց, սակայն հավելեցին, որ խոզը հիվանդ չի եղել: Սարգիս Խաչիկյանին բազմաթիվ անգամ զանգահարեցինք, սակայն հեռավոր սարում բջջային կապ չկա: Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւս հետաքրքրվեցինք Սարգիս եւ Սամվել Խաչիկյանների ունեցած խոզերի քանակի մասին, սակայն քաղաքապետարանի աշխատակից Մարտիկ Խաչիկյանն ասաց, որ այդ տվյալները գաղտնի են: Նշենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում վաճառված խոզերի մասին ստույգ տեղեկատվության ոչ մի կառույց չի տիրապետում: Այստեղ շատ ընդունված է անասունների բակային մորթը, որոնց միսը հաճախ հայտնվում է ճաշարաններում: Ինքնին հասկանալի է, որ որեւէ խոզատեր կամ սպանդանոցի աշխատող չի խոստովանի, որ իր վաճառած միսը հիվանդ կենդանու է եղել, այլապես նա խնդիրներ կունենա: Ներկայումս խոզի մսի կիլոգրամը 3500 դրամ է, եւ մսի խիստ դեֆիցիտ կա, ուստի խոզատերը չի սպասի, որ կենդանին սատկի, նա հիվանդանալու նշանների առկայության դեպքում կգերադասի անասունին իսկույն մորթել: Սննդի անվտանգության պետական ծառայության` նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նշված է.«Նոյեմբերյան քաղաքում նման դեպք տեղի չի ունեցել: Ոչ մի գլուխ խոզ մոտ օրերս չի հիվանդացել, ներկայումս Նոյեմբերյան քաղաքում եւ հարակից համայնքներում անկման դեպքեր եւ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, հիվանդ կենդանու միս չի շուկայահանվել»: Չնայած հիվանդանոցներում բժիշկների գործադրած ջանքերին՝ ամեն օր տարբեր հիվանդություններից մարդիկ են մեռնում: Իսկ ի՞նչ են լինում հիվանդ խոզերը, գյուղերում որտե՞ղ են դրանց թաղման տեղերը. սա լրջագույն հարց է, որի վրա ենք հրավիրում սննդի անվտանգության պետական ծառայության ուշադրությունը: Նաեւ հարկ ենք համարում հիշեցնել, որ Տավուշի մարզում որոշ սպանդանոցներ չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին, ինչի հետեւանքով միս օգտագործողների մոտ կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ
Գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ-ում գործազրկության իրական ցուցանիշը գերազանցում է պաշտոնական տվյալները: Գործազուրկ են ավելի շատ միջին տարիքի քաղաքացիները, հատկապես՝ կանայք:
2014 թ.-ի հոկտեմբերի մեկի դրությամբ Կոտայքի մարզի Հրազդանի տարածքային զբաղվածության կենտրոնում հաշվառված քաղաքացիների թիվը 1435 է, որից 1088-ը կանայք են: Նույն ժամանակահատվածի տվյալներով Գյումրու տարածքային ԶԲԿ գրանցված քաղաքացիների թիվը 9102 է, որից 8427-ը՝ գործազուրկի կարգավիճակով: Նշենք, որ նրանց շուրջ 70 տոկոսը կանայք են: Զրուցելով մարզերի ԶԲԿ-ների տնօրենների հետ՝ պարզեցինք, որ ամենուր գործազրկության մակարդակը բարձր է: Կան նաեւ թափուր աշխատատեղեր, եւ որքան էլ զարմանալի է՝ կա բժիշկների պահանջարկ, որը լրացնել հնարավոր չէ, քանի որ պատճառը, ինչպես նշեցին ԶԲԿ-ների տնօրենները, ցածր աշխատավարձն է:
Զբաղվածության կենտրոնների կողմից պարբերաբար իրականացվում են աշխատանքի տեղավորման եւ ուսուցման ծրագրեր, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն: Կենտրոնների աշխատակիցների խոսքով` իրականում աշխատատեղեր կան, օրինակ՝ կարողներ, մանողներ, մեխանիկներ… միայն թե մասնագետներ չկան:
Մեզ հետ զրույցում, սակայն, երիտասարդներն այլ կարծիք հայտնեցին: Նրանց խոսքով` երբ դիմում են ԶԲԿ, հաճախ աշխատանքի առաջարկ են ստանում սպասարկման ոլորտում՝ մատուցողներ, վաճառողներ, սպասուհիներ: Ի վերջո, բարձրագույն կրթությամբ գնալ աշխատել այդ ոլորտներում, այնքան էլ ճիշտ չէ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԴԻՄԵԼ Է
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ եւ արդյունքում վերանայել նախագիծը: Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միեւնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլեւ այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Օմբուդսմենը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը եւ հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման: Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստն անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին: Օրինագիծը նաեւ անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ:

 




Լրահոս