ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել «Լամբադա» կամրջի մոտ: Կրակ է բռնկվել Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայում: Բարեբախտաբար դեպքի վայր ժամանած ԱԻՆ ծառայության օպերատիվ խմբին հաջողվել է ժամանակին մարել կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը չի տուժել:

 

ՀԱՐՑ. Ստեփանավան քաղաքի բնակիչ եմ: Ապրում եմ Երեւանում՝ վարձակալած բնակարանում: Ունեմ 2 տարեկան երեխա, չեմ աշխատում: Զագսով ամուսնացած չեմ: Պետությունից դրամական աջակցություն չեմ ստանում, նպաստ՝ նույնպես: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք օրենքով ինձ նպաստ կամ այլ դրամական օգնություն հասնում է:

Իրինա Առաքելյան (26 տարեկան, լրագրող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի` իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով պետք է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Համաձայն նույն օրենքի 13-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից` ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N145-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգ»-ի համաձայն:
Իսկ ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ` 2014 թ. անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը: Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական ծառայությունների տարածքային մարմին եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ պետությունն ըստ սահմանային միավորի է որոշում նպաստի տրամադրման չափը: Հուսանք, որ առաջիկայում պետությունը կբարձրացնի նպաստի համար տրամադրվող գումարի չափը եւ ոչ թե չնչին` 1000 դրամով (ինչպես արվեց այս տարի), այլ շոշափելի գումարով: Ցանկության դեպքում, վստահաբար, կարելի է անհրաժեշտ միջոցներ գտնել. ի վերջո, հենց ՎՊ հաշվետվություններից ակնհայտ է դառնում, թե տարեկան քանի հարյուր միլիոն դրամ է փոշիանում: Այդ միջոցների տնօրինումը ճիշտ վերահսկելով` համոզված ենք՝ հնարավոր է թեթեւացնել անապահովների սոցիալական վիճակը` նպաստները զգալիորեն բարձրացնելով:

 

 

ՀԱՐՑ. Արմավիրի մարզում գյուղացիները դժգոհում են մթերման գներից, շատ ցածր գնով են մթերում հատկապես դեղձը: Արդյո՞ք հնարավոր չէ մթերող ընկերությունների հետ համաձայնության գալ եւ բարձրացնել մթերման գները՝ թեթեւացնելով գյուղացիներիս հոգսերը:

Արամայիս Նազարյան (45 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Շուկայական տնտեսության պայմաններում ՀՀ գյուղնախարարությունը իրավասու չէ միջամտելու վերամշակող ընկերությունների կողմից իրականացվող գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ դեղձի մթերման ձեւավորվող գներին: Վերամշակող ընկերությունների կողմից դեղձը հիմնականում մթերվում է խտանյութի արտադրության նպատակով, իսկ մթերման գները պայմանավորված են դեղձի խտանյութի միջազգային գներով: Օրինակ՝ դեղձի խտանյութ արտադրող երկրներում՝ Հունաստանում եւ Իսպանիայում դեղձի 1 կգ-ը մթերվում է 6 եվրո ցենտով, որը համարժեք է 30 ՀՀ դրամին:
Այդ պատճառով գյուղացիական տնտեսությունները պետք է միջոցառումներ ձեռնարկեն արտադրվող դեղձի որակական ցուցանիշների բարձրացման եւ արտադրության ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ, որպեսզի նրանց ձեռնտու լինեն ձեւավորված մթերման գները, նաեւ հնարավորություն ստեղծվի՝ ավելացնելու արտադրված բերքից իրացման՝ համեմատաբար բարձր գներով արտահանումը եւ թարմ սպառմանն ուղղվող մասնաբաժինը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված պատասխանից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գյուղնախարարությունը, փոխանակ գյուղացու կողքը կանգնելու (ինչի մասին անընդմեջ հայտարարում են կառավարության անդամները), հանդես է գալիս մթերող ընկերությունների շահերի պաշտպանի դերում: Իհարկե, հաշվի առնելով կոնկրետ գյուղնախարարի` ամենախոշոր մթերող ընկերություններից մեկի սեփականատերը լինելու հանգամանքը` պետք չէ զարմանալ նախարարության որդեգրած նման քաղաքականությունից, սակայն նաեւ պետք չէ համակերպվել այս իրավիճակին: Ավելացնենք, որ հոկտեմբերի 14-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 2931 տոննա դեղձ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1954 տոննայով ավել է: Սակայն այս ցուցանիշներն աշխատում են ոչ ի նպաստ գյուղացիների, որոնցից բերքը գնվում է «ջրի գնով»:




Լրահոս