Արդեն մի քանի օր է, ինչ խորհրդարանական ընտրություններից հոգնած քաղաքական ուժերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ վերջ դնելով երկրում ստեղծված անիշխանության մթնոլորտին (ըստ էության, երկրում չկա կառավարություն եւ ԱԺ): Ամենայն հավանականությամբ այս անորոշությունը կմնա այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը վերադառնա Մոսկվայից, որտեղ պետք է մասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին, որը հրավիրել է Վլադիմիր Պուտինը:
Մայիսի 7-ից հետո Հայաստանում քաղաքական ու ոչ քաղաքական շրջանակները քննարկում են հետեւյալ հարցը՝ Հայաստանում կկազմավորվի՞ իշխող կոալիցիան, թե՞ Հանրապետական կուսակցությունը միանձնյա կիրացնի իր «գնած» իշխանությունը: Այն, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան կայանալու է, որեւէ մեկը չի կասկածում. նրանց նախարարներն արդեն հրաժարվել են պատգամավորական մանդատներից ու «կազմ-պատրաստ» սպասում են: Իսկ ահա ԲՀԿ-ի մասով քաղաքական սեթեւեթանքներն ավելի շատ են: Քաղաքական այս միավորը, ինչպես ամեն կոալիցիոն հուշագրի ստորագրումից առաջ, հապաղում է ընդունել ՀՀԿ-ի թելադրած խաղի կանոնները, դիմադրում է, բայց, ի վերջո, անում է այնպես, ինչպես ցանկանում է Սերժ Սարգսյանը՝ ամեն անգամ գրանցելով սեփական վարկանիշի անկում: Այս օրերին եւս Գագիկ Ծառուկյանը կանգնած է ընտրության առաջ՝ հայտարարել, որ 2013-ին սատարելու է Սերժ Սարգսյանին եւ վայելել իշխանության պտուղները՝ կորցնելով հասարակական աջակցությունը եւ ունեցած հեղինակությունը՝ վերածվելով «ԱԽՔ-ացված ՕԵԿ-ի»: Կամ էլ հրաժարվել իշխանական կերակրատաշտից՝ կառուցողական ընդդիմադիրի կեցվածքով ԱԺ-ում պայքարելով անարդարությունների դեմ: Ու պարզ չէ, թե այդ դեպքում քանի մարդ կմնա նրա կողքին:
Ըստ լուրերի՝ օրերս Մոսկվայում կայացած քաղաքական հանդիպումներից մեկի ժամանակ Գագիկ Ծառուկյանին առաջարկվել է շարունակել «քաղաքական գիծը», ինչին նա համաձայն չէ միայն մեկ պատճառով. ԲՀԿ-ն չի ցանկանում աշխատել գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Եւ համաձայնությունը, որն այդքան սպասված է ու դեռեւս չի կայանում, նաեւ այդ հարցի լուծման հետեւանքն է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանգստյան օրերին Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է գոնե այնպիսի վարչապետ նշանակել, որը ընկալելի կլինի իրենց համար: Այդ մարդը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է, որին Սերժ Սարգսյանը կտրականապես հրաժարվում է նշանակել վարչապետ: Երրորդ՝ «ոսկե միջին» տարբերակը դեռեւս չի գտնվել, թեեւ բազում թեկնածուների անուններ են շրջանառվում. Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյան, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան եւ այլն: Սերժ Սարգսյանն առայժմ հակված է «պահելու» Տիգրան Սարգսյանին: Փոխարենը նա Ծառուկյանին առաջարկել է ավելացնել նախարարական պորտֆելները՝ ԲՀԿ-ին տալով նաեւ ՀՀ մշակույթի նախարարության պորտֆելը: Սակայն ԲՀԿ-ն չի բավարարվում մեկ պորտֆելով, նա նաեւ ձգտում է տիրանալ կապի եւ տրանսպորտի նախարարությանը: Առայժմ այս մասով եւս համաձայնություն ձեռք չի բերվել:
Նշենք, որ ԲՀԿ համամասնական ընտրացուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ձեւական կոալիցիայի դեպքում ինքը հրաժարական է տալու պատգամավորական մանդատից: Իսկ թե որն է ձեւականը, չի բացատրում: Եւ դատելով ԲՀԿ-ական երկու նախարարների գրած հրաժարականի դիմումներից (պատգամավորական մանդատներից)՝ արդեն որոշակի պատկերացում կարելի է կազմել, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն:
Երեկ քաղաքական շրջանակներում խոսվում էր նաեւ այսպիսի զարգացման մասին. իշխող կոալիցիայի այսօրվա մաս կազմող ուժերը համագործակցության պայմանավորվածություն ձեռք կբերեն, բայց կողմերի միջեւ կոալիցիոն պայմանագիր չի կնքվի: Գուցե այս կարգավիճակով երկրի կառավարումը ձգվի մինչեւ աշուն:
Նշենք, որ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի ղեկավարները կոալիցիայի թեմայով իրենց կուսակիցների հետ ամենեւին «չեն կիսվում»: Կուսակցության ներսում, անկախ զբաղեցրած դիրքից, որեւէ մեկը չի տիրապետում, թե ինչ են քննարկում եւ ինչ են որոշելու Գագիկ Ծառուկյանը կամ Սերժ Սարգսյանը: Նրանք իրենց «տղամարդկային խոսքը» կասեն Մոսկվայից վերադարձից հետո: Եւ Հայաստանի անկախ հանրապետության ապագա կառավարությունը կրկին կձեւավորվի «մեծ եղբայր» Ռուսաստանի Դաշնության քիմքին հաճելի տարբերակով:
ԻՆՉՊԵՍ ԿԻՍԵԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ