ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՆԻՄԱՍՏ Է
ՀՀԿ-ն բավականաչափ ռեսուրս ունի, որպեսզի չգնա կոալիցիա կազմելու ճանապարհով: Այս մասին այսօր` մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ անդամ, գործարար Մանվել Բադեյանը՝ հավելելով, թե պետք է լսել նաեւ մյուսների կարծիքները: Նրա խոսքով, ՀՀԿ խորհրդի նիստում դեռ չի քննարկվել կոալիցիա կազմելու հարցը: «Ես գտնում եմ, որ եթե ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, կոալիցիայի իմաստը չեմ տեսնում»,-ասաց Բադեյանը:
Իսկ 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժերին խորհուրդ տվեց համակերպվել: «Ճի՛շտ հաշվեք ձեր շանսերը եւ երբեք ՀՀԿ-ի հետ նույն նժարին մի՛ դրեք»,-նշեց նա:
Ասուլիսին հրավիրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանն էլ ասաց, թե ուրախ կլինի, որ կոալիցիա չկազմվի, քանի որ այդ դեպքում հստակ կիմանան, թե իրենց պահանջներն ում ներկայացնեն:

ՄՏԱՀՈԳ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանում են:
Ամերիկացի համանախագահը Բաքվում հայտարարել է, որ այցի հիմնական նպատակը  բանակցությունները շարունակելն է, Սոչիում հունվարի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության իրագործումը, այդ թվում նաեւ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար հիմք հանդիսացող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման արագացումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմի ու հումանիտար շփումների մշակումը:
Բրադտկեն նաեւ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունն է հայտնել շփման գծում աճող լարվածության կապակցությամբ:

ՏՈԿՈՍՆԵՐՈՒՄ ՍԽԱԼՎԵՑԻՆ
«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամներն ու ակտիվիստները երեկ հավաքվել էին կուսակցության նախընտրական շտաբում: Հավաքին նախ ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նշել է, թե իրենք, ճիշտ է, սխալվել են իրենց հաշվարկների մեջ, երբ կարծել են, թե ընտրողների 25 տոկոսն իրենց է ձայն տալու, սակայն կոչ է արել ներկաներին չհուսալքվել եւ պայքարել հանուն «Նոր Հայաստանի»: «Ես վաղը (արդեն այսօր) հանդես եմ գալու ուղերձով»,-ասել է նա: Ըստ Հովհաննիսյանի՝ «Ժառանգություն»-ը կունենա իր թեկնածուն 2013թ. նախագահական ընտրություններում, սակայն թե ով կլինի, դեռ հայտնի չէ:




Լրահոս