«Ժողովուրդ»-ն Կոնդի իրացման գոտում քանդված տները լուսանկարելիս ականատես եղավ մի արտառոց երեւույթի: Շինարարները կիսակառույց շենքի տարածքից ամրանները բարձում էին բեռնատար մեքենան ու տանում:
Նշենք, որ 2007-ին ՀՀ կառավարության որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածը տրամադրվել է «Դաուն թաուն» ընկերությանը: Իսկ շինարարությունն իրականացնում է «Տաշիրշին» ընկերությունը: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող ամբողջ տարածքը` 26.000 քմ, որտեղ բնակվել է 215 ընտանիք, քանդել են: Քանդված տների բնակիչները շուրջ 4 տարի է, ինչ ապրում են վարձով բնակարաններում: Նշենք նաեւ, որ «Դաուն թաուն» ընկերությունը մեկ տարուց ավել է՝ սնանկ է ճանաչվել: Իսկ կոնդեցիների վարձով բնակարանների վարձավճարները փոխհատուցում է «Ամերիքն բիլդինգ» ընկերությունը՝ ակնկալիքով, որ հետագայում սնանկ ճանաչված «Դաուն թաուն» ընկերությունից տվյալ տարածքը կվերցվի եւ կտրամադրվի իրեն:
Այս կապակցությամբ տեղում զրուցեցինք «Տաշիրշին» ընկերության շինարարական մասով պատասխանատու Ռազմիկ Մելոյանի հետ: Մեր հարցին, թե ինչու են տանում կառուցվելիք շենքի ամրանները, նա պատասխանեց, որ դրանք տանում են վաճառելու, որպեսզի վճարեն շինհրապարակի պահակների աշխատավարձը. «Արդեն 5 ամիս է, ինչ աշխատավարձ չենք ստանում: Իսկ պահակներին ես չեմ կարա ասեմ՝ սովա՛ծ մնացեք: Նույնիսկ լույսերն են անջատել: Տանում եմ վաճառեմ, որ տամ իրենց»:
«Տաշիրշին»-ի ներկայացուցչի խոսքերով՝ նյութական մասն իր պատասխանատվության տակ է. «Ես էլ եմ տուժած: Մենակ աշնանը բերած արմատուրան 46 միլիոն դրամ էր կազմում, այդքանն անմիջապես ես պետք է վճարեմ: Դրա համար քայլեր եմ ձեռնարկում, որ պարտքերս տամ վերջացնեմ: Դե որպես շինարար եմ ձեզ ասում, ստացվում է, որ պարտքով էլ եմ ապրանք վերցնում: Գնացել, մարդ եմ գտել, որ միջնորդի: Տաշիրի Սամվել Կարապետյանը Միկա Բաղդասարովին ասել է, որ ինձ նիսյա ապրանք տա»: Հարցին, թե Սամվել Կարապետյանն ինչ կապ ունի այս շինարարության հետ, Ռ. Մելոյանը պատասխանեց.«Իմ ընկերն է: Գարանտ է կանգնել, էլի»:
«Այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմում դատարան» հարցին ի պատասխան՝ շինարարական կազմակերպության ներկայացուցիչն ասաց. «Ո՞ւմ դիմեմ: Վերջին հաշվով, եթե բան չեղավ, պետք է դիմեմ դատարան: Էսքան գործ եմ արել, բայց փող չեն տվել: Գիտեք, թե դատարանները փրկությո՞ւն են: Դե, հույս կա, որ շուտով կսկսեն շինարարությունը: Տեսնենք, թե ինչ կլինի: Ինձ այդ մասին ասել է «Ամերիքն բիլդինգ»-ի Արսենը»:
Նշենք, որ «Ամերիքն բիլդինգ»-ի Արսենը նույն ընկերության տնօրեն Արսեն Սարգսյանն է: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ նրա հետ՝ պարզելու, թե ինչու են ամրանները տարվում շինհրապարակից, եւ թե երբ կսկսվի շինարարությունը:
«Պարո՛ն Սարգսյան, Դուք տեղյա՞կ եք, որ շինհրապարակից ամրանները տանում են վաճառելու, որպեսզի վճարեն պահակների աշխատավարձը»,-հարցրեցինք նրան:
«Ո՞վ է ասել դա: Ղալաթ ա արել, ասել է: Ես եմ գնել դրանք: Մեկին պետք էր, տվել եմ: Իմ սեփական արմատուրան ա: Ես իրավունք ունեմ, ինչ ուզում, անում եմ»,-ասաց Արսեն Սարգսյանը: Նա մեզ վստահեցրեց, որ շինարարությունն անպայման կշարունակվի, իսկ թե երբ, ստույգ ասել չկարողացավ:
««Տաշիրշին»-ն ընդհանրապես կապ չունի Կոնդի հետ: Թողե՛ք թող նա իր պահակներին աշխատավարձ տա: Իսկ ես «Ամերիքն բիլդինգ» ընկերության տնօրենն եմ, որը ոչ մի կապ չունի Կոնդի շինարարության հետ: Կապը մեր հետ հետո պետք է լինի: Իսկ «Տաշիրշին»-ը կառուցապատման գործողություններն է անում: Միայն «Դաուն թաուն»-ը կապ ունի Կոնդի հետ»,-բացատրեց տնօրենը:
Այսպիսով՝ կառավարությունում դեռ պետք է քննարկվի Կոնդի շինարարության հարցը, ու թերեւս ի վերջո որոշվի այն ընկերությունը, որը տնօրինելու է շինարարության ճակատագիրը՝ սնանկացած «Դաուն թաուն»-ի փոխարեն: Մինչդեռ 215 ընտանիք Կոնդում անտուն է: Նրանք չգիտեն՝ երբեւէ տուն կունենան, թե ոչ:
ԿՈՆԴԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ՝ 7 ՍԱՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ