Ամերիկյան զույգը փորձում է ազատվել որդեգրած ռուս երեխաներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ամուսնական զույգը դիմել է դատարան՝ իրենց կողմից երկու ռուսաստանցի երեխաների որդեգրումը չեղյալ համարելու հայցով: Ամերիկացի ամուսինները պնդում են, որ երեխաները հոգեկան խանգարումներ ունեն, տեղեկացնում է New York Post-ը:
Թերթի տեղեկություններով, երեխաները որդեգրվել են 2008թ.-ի ապրիլին ամերիկյան Spence-Chapin և Сradle of Hope գործակալությունների միջոցով:

Ամուսինները, ովքեր բնակվում են Նյու Յորքից ոչ հեռու, հայտարարել են, որ նկարագրելով երեխաներին, որոնք այն ժամանակ վեց և ութ տարեկան էին, գործակալությունները հավաստիացրել են, որ նրանք առողջ են և սոցիալապես հարմարված: Սակայն որդեգրելուց քիչ անց պարզ է դարձել, որ երեխաներն առողջական և հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն: Ամուսինների խոսքով, երեխաներն անգամ բազմիցս սպառնացել են սպանել նրանց: Բացի այդ, ամերիկացիները որդեգրումից հետո հասկացել են, որ նրանք ազգականներ չեն: Մինչդեռ, գործակալությունները հակառակն են պնդել:

2012թ-ից երեխաները, որոնք այժմ 12 և 14 տարեկան են, գտնվում են Նյու Յորքի հոգեբուժական կենտրոնում: Ինչպես նշվում է դատական փաստաթղթերում, նրանք պետք է անընդատ գտնվեն բժիշկների հսկողության տակ: Եթե դատարանը չեղյալ համարի որդեգրումը, ապա երեխաները կանցնեն նահանգի խնամակալության տակ կամ կշարունակեն բուժվել հոգեբուժական կենտրոնում:




Լրահոս