ՀԱԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսում լուրջ խմորումներ են սկսվել. ՀԱԿ-ը սկսել են լքել դաշինքի տարբեր անդամներ: Երեկ Կոնգրեսից հեռացել է ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը՝ հայտարարության մեջ գրելով, թե իր անհամաձայնությունն է հայտնում ներքաղաքական դաշտում ՀԱԿ որդեգրած գործելաոճին:
Ըստ Զաքարյանի՝ վերջին շրջանում ՀԱԿ քայլերը կասկածի տակ դրեցին ընդդիմադիր կառույցի վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, արդյունքում՝ ՀԱԿ-ը «կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը»: Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իր հետագա գործունեության մասին, ասաց, թե չի պատրաստվում մեկնել որեւէ երկիր՝ քաղաքական ապաստան ստանալու, չի համագործակցելու միայն նրանց հետ, ովքեր պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրավիճակի համար:
Նշենք, որ Ա. Զաքարյանի անունը չկար ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, բացի այդ, թեեւ նախապես շրջանառվում էր այն վարկածը, որ մեծամասնական ընտրակարգով Ա. Զաքարյանը կառաջադրի իր թեկնածությունը թիվ 33 ընտրատարածքում, սակայն առաջադրումների վերջին օրը պարզ դարձավ, որ այդ տեղամասում Հովհաննես Մարգարյանի եւ Աշոտ Աղաբաբյանի հետ կմրցի քչերին հայտնի ընդդիմադիր Շալիկո Զոլյանը, ում առաջադրումը բացահայտ ձեւական նշանակություն ունեցավ:
Աշոտ Զաքարյանը չթաքցրեց, որ տարաձայնություններ եղել են դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ, հատկապես այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ԲՀԿ-ի հետ համագործակցելու շուրջ քաղաքական վերլուծությամբ, սակայն ինքը լռել է՝ նախընտրական շրջանում քաղաքական դաշինքի միասնականությունը չխաթարելու համար: Հիշեցնենք նաեւ, որ Աշոտ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, որի առաջնորդ Արամ Սարգսյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը ու նաեւ չբացառեց ՀԱԿ-ի շարքերը լքելու հնարավորությունը:
«Եթե «Հանրապետություն»-ը մոտ ժամանակներս հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու մասին, ինչն ակնարկել էր պարոն Սարգսյանը, նշանակում է՝ մենք դեռ միասին կշարունակենք մեր ճանապարհը քաղաքականության մեջ, այլապես կգնանք տարբեր կողմեր»,-նշեց Զաքարյանը:
Երեկ ՀԱԿ-ը լքելու հեռանկարը չի բացառել Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը. նա ասել է, որ առաջիկայում իրենց կուսակցությունը նիստ է հրավիրելու՝ որոշելու համար ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցության նպատակահարմարությունը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀԱԿ-ից դուրս գալու հավանականությունը չէր բացառել նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ չի բացառվում նաեւ ԺՈՒԿ-ը լքի Կոնգրեսը: Բացի այդ, վերջերս Կոնգրեսի հասցեին քննադատությամբ էր հանդես եկել նաեւ ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, թեեւ առայժմ նա չի հայտարարել ՀԱԿ-ից դուրս գալու մասին: Լուրեր են շրջանառվում, որ ՀԱԿ-ը լքելու են նաեւ այս կառույցի այլ անդամներ, խոսքը հիմնականում ազատամարտիկների մասին է, որոնք, ի դեպ, համախմբված են «Հանրապետության» շուրջ:
Համաձայն քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ նրանք հեռանալու են մեկ առ մեկ, որպեսզի ապահովեն հարցի հասարակական հնչեղությունը: ՀԱԿ-ը լքել պատրաստվողների շարքում շոշափվում են, օրինակ, Սափեյան եղբայրների անունները: Սակայն նրանցից Ժորա Սափեյանը բացառեց այդ հավանականությունը: «Նման մտադրություն չունեմ, տեղյակ էլ չեմ՝ ով ինչ է արել»,-ասաց նա:
Դատելով ՀԱԿ արձագանքներից, նրանք առերեւույթ չեն մտահոգվում կատարվածով: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս հարցը եւ ՀԱԿ-ի ներսում սպասվելիք իրադարձությունները երեկ լուրջ քննարկման առարկա են դարձել Կոնգրեսում: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով՝ նման խնդիրներն իրենց չեն մտահոգում, եւ ՀԱԿ-ն ընթանալու է ընդունած ռազմավարությամբ:
ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ուշագրավ են այն առումով, որ դրանք կատարվում են նախագահի ընտրություններից առաջ: Ակնհայտ է, որ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ հիմիկվանից ՀԱԿ-ի ներսում պառակտումներ սերմանելու համար:
Բայց, անկախ այս ամենից, ՀԱԿ-ը պետք է լրջորեն հետեւություններ անի այս գործընթացներից ու ճշգրիտ պլանավորի իր գործողությունները՝ հաշվի առնելով նախորդ տարիներին նաեւ ուրիշ ընդդիմադիրների փորձը: Իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ-ը պետք է շարունակի զբաղեցնել Ազատության հրապարակը, բայց ոչ թե դատարկ խոսքով, այլ գործողություններով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս