«ԲԱՐԳԱՎԱՃ»-Ի ԿԱՆԱՅՔ՝ ԱՌԱՆՑ ՓՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան»-ի կազմակերպած առողջապահական ակցիաները կուսակցության համար բաղձալի արդյունք տվեցին: «Ժողովուրդ»-ի խմբագրություն եկած կանայք պատմեցին, որ իրենց ամուսինները վիրահատվել են ԲՀԿ ակցիայի շրջանակներում, ուստի իրենք պարտավոր են այդ կուսակցության համար անվճար աշխատել:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ստացված հեռախոսազանգերին եւ գրել, որ թիվ 12 ընտրատարածքի ԲՀԿ-ի շտաբի աշխատանքները համակարգող Սվետա Գասպարյանը («Բարգավաճ»-ի Սվետ) նույն շտաբի աշխատակիցներ տիկին Մարուսյայի եւ Արմիկի աշխատավարձերը չի տալիս: Ինքը՝ Սվետան, մեզ հետ զրույցում ասել էր, թե գումար տալն իր գործը չէ: «Իրանց չեմ ճանաչում: Ես չեմ խոստացել նրանց վարձատրել, ԲՀԿ-ն է խոստացել: Կտա, կտամ: Ես միլիոնատե՞ր եմ, կուսակցության ղեկավա՞ր եմ, որ տամ»,-բացատրել էր տիկինը: Հարցին, թե ԲՀԿ-ն երբ է պատրաստվում տալ շտաբի աշխատողների աշխատավարձերը, նա վրդովված ասել էր. «Ես չգիտեմ, մենք էլ ենք սպասում: Կարող ա էսօր տա կամ վաղը կամ մյուս օրը»: Հրապարակված տեղեկությունը վրդովվեցրել էր ե՛ւ Սվետային, ե՛ւ վերը նշված երկու կանանց: Սվետան զանգահարել էր խմբագրություն եւ սպառնում էր դատարանի միջոցով մեր հարցերը լուծել, քանի որ, առանց Արմիկի եւ Մարուսյայի խոսքերը լսելու, նրանց մասին «համարձակվել» էինք նյութ հրապարակել:
Նախօրեին խմբագրություն եկան նաեւ Արմիկն ու Մարուսյան մի երիտասարդի ուղեկցությամբ եւ պնդում էին, որ ԲՀԿ-ի համար աշխատել են հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության ակնկալիքի:  Կանայք խոստովանեցին, որ աշխատել են ԲՀԿ-ի համար, քանի որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցով նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնություն են ցույց տվել: Նրանցից մեկը՝ Մարուսյա Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Իմ ամբողջ ընտանիքը «Բարգավաճ» ա: Մենք նրան ենք ընտրել: Ամուսինս վիրահատվել ա Էրեբունու հիվանդանոցում պարոն Ծառուկյանի հիմնադրամով: Մենք շատ գոհ եւ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանից»: Նույնը պնդեց նաեւ տիկին Արմիկը:
Ահա թե ինչպես է բարոյալքվում հասարակությունը: Քաղաքական ուժերը կոնկրետ եղանակներով պարզապես «գնում» կամ ստրկացման այլ ճանապարհով ՀՀ քաղաքացիներին դարձնում են կառավարելի՝ լուծելով իրենց հարցերը: Եւ այսքանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոսում է օրենքի, խոսքի ու գործի եւ այլ արժեքների մասին: Ի՞նչ բարոյական իրավունքով, եթե նրանք ամենատարբեր եղանակներով ճնշում են գործադրում ՀՀ քաղաքացիների վրա եւ նրանց հպատակ դարձնում: Վստահ ենք՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած կանայք մեր երկրում «գերի» են: Չի բացառվում, որ նրանք իրենց մտերիմների մոտ իսկապես դժգոհել են, որ առավոտից երեկո աշխատում են ԲՀԿ շտաբում, որի դիմաց պետք է վարձատրություն ստանան, սակայն «փողերը չեն տվել»: Չի բացառվում նաեւ, որ հենց իրենց շրջապատում եղած մարդկանցից մեկն էլ որոշել է վերջ դնել այդ անարդարությանը՝ հրապարակելով այն: Արդյունքում քաղաքացիներից մեկը զանգահարել է խմբագրություն եւ ասել, որ Արմիկի ու Մարուսյայի աշխատավարձը չեն տալիս: Ու սա Շենգավիթ վարչական շրջանում դարձել է «հայոց հարց»: Եւ սրվել է այն աստիճան, որ տիկնայք վեր են կացել, եկել խմբագրություն՝ Ծառուկյանին գովելու եւ ապացուցելու, որ իրենց շրջապատում նման կարծիք չեն արտահայտել: Իսկապես, ողբալի վիճակ է մեր երկրում, որի մեղավորը ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է, որը ստրկացնում է մարդկանց, կամ Սերժ Սարգսյանը, որն այդ գործընթացի գլխավոր հովանավորն է, այլեւ մենք բոլորս, որ մեր կողքին, մեր քթի տակ 21-րդ դարում այսքան ահավոր բարքերի վրա շարունակ աչք ենք փակում եւ ակամա խրախուսում:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս