Այսօր Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է karabakh-life.am լրատվականի գլխավոր խմբագիր Բելլա Լալայանի՝ համացանցում արած գրառումից:
Հիշեցնենք, որ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը: Գործը քննում է դատավոր Անատոլի Թադևոսյանը
Ըստ նշված աղբյուրի՝ դատավարությունը կշարունակվի ընդմիջումից հետո: Իսկ նիստի առաջին մասում ցուցմունք է տվել միայն Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, ով իրեն մեղավոր չի ճանաչում սահմանը հատելու հարցում. /չի իմացել, որ այդտեղով սահամն է անցնում/ և հերքում է Սմբատ Ցականյանի սպանության մեջ իր հանցակից լինելը: