ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: Տավուշի մարզի սահմանակից Դովեղ համայնքը պարբերաբար գտնվում է ադրբեջանական նշանառուի գնդակոծության տակ:
Համայնքի գյուղամիջյան հատվածը տեսանելի է ադրբեջանական դիպուկահարների դիրքերից, եւ ցանկացած շարժի դեպքում թշնամին իր հսկողության տակ է վերցնում այն: Զինադադարի խախտման դեպքերը բնակչության տեղահանման, գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման եւ համայնքի բնականոն գործունեության խաթարման պատճառ են դառնում:
Դովեղը Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենափոքր համայնքներից է: Ադրբեջանի հետ ունի 15 կմ երկարությամբ եւ 1 կմ հեռավորությամբ սահման: Ազգային ազատագրական պայքարի առաջին օրերից սկսած՝ գյուղի բնակչությունը մեծ կռիվներ շատ է տեսել, սակայն չի լքել հարազատ եզերքը:
Համայնքն ունի շուրջ 1300 հա վարչական տարածք, որի 70 տոկոսը գտնվում է սահմանամերձ գոտում, եւ հասկանալի պատճառներով օգտագործելի չէ: Գյուղի ծերերն անհանգստացած են:
«Գեղըմ մի ժամանակ արտ ցանեինք, հմի չկա, անասուն պհեինք, հմի չկա: Պատճառը էնա, որ սահմանին կպած ենք, թուրքը թողըմ չի վարենք, ցանենք: Եբախտի ապրում ենք: Էս մի տարի ա, որ թուրքը դդարել ա անասուն գողանալը, քշերը գալիս էր, գոմերը դրդարգըմ, տանում: Մեզ սահմանի վրա սպանում են, գեղի մանկապարտեզը մի քանի վախտ առաջ գնդակոծեցին: Մենակ 300-400 խոշոր գլուխ անասուն են տարել էս տարիներին: Ա՜յ էն դիմացի մոդիկ ֆողերը ո՛չ ձեռով, ո՛չ տրակտորով կարում չենք հնձենք, թուրքերիցը վախըմ ենք: Դեպքեր են եղել, որ արտը հասունացել ա, կրակել են, գյուլլով վառել: Էս տարի թողել չեն վարենք, գյուղապետարանն էլ ոչինչ չի կարա անի, խու թուրքի հետ կարա՞լ չի պայման կապի»,-ասում են տարեցները:
«Մենք չենք կարըմ հողը մշակենք, վառելանյութը թանգ, Ասսու կրակ գին ա, ջուր չունինք, վարողը իրա վարձն ա ուզում: Կոմբայնի մի խոփը մի մարդի գին արժե, մեխանիզմը հնացել է: Սա պետութին չի, բրախած երգիր ա: Էդ սերժի-մերժի հմար ա պետութին, խազեինի, ջոջի երկիր ա: Էդ անասուներին, որ տարել են խորհրդարանն արել, քնում են, վի կենում, մին գան տանինք գրանիցեն, տենունք կգա՞ն էդ շան որդիքը: Գոնե որոշըմ ընդունեն, գեղը հարգից ըզատեն»,-նեղվում է 80-ամյա Շավարշ Հակոբյանը:
«Իմ ֆողը լե սահմանի վրա ա, կարում չեմ գոնե սեփական ֆողիցս գողություն անեմ, մնացածի նման գնամ քշերը քաղեմ բերեմ: Մեր վայեննին էլ բերել ա փշալար քաշել, իմ ֆողը էն կռանն է մնացել: Վայեննին թուրքից շատ ա մեզ վնաս հասցնում: Բերել են մեր հանդերը մինապատել, կարում չենք անասունը հանդը տանինք: Թուրքի գրանիցիցը քանի կիլոմետր դեսն են եկել, մին շարել, մեր տավարը գնաց վրին տրաքեց»,-դժգոհում է 71-ամյա Ալբերտ Ղազարյանը:
Գյուղացիներին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ նոյեմբերյանցի գործարարներից մեկի քարի արտադրամասի արտադրական թափոնը խառնվում է գյուղի գետին, որի պատճառով այն դառնում է անպիտան թե՛ անասունին ջրելու, թե՛ հողակտորները ոռոգելու համար: «Մի մարդ մի սաղ գեղի վնաս ա տալի, հախեն էլ եկող չկա»,-բարկանում է Շավարշ պապը:
«Մենք ունենք նույն հոգսերը, ինչ ՀՀ բոլոր համայնքները: Գյուղատնտեսության ծավալները կրճատվել են, անասնապահությունը իրեն չի արդարացնում: Ունենք մթերքների իրացման գերխնդիր, շուկան հեռու է»,-մեզ հետ զրույցում վստահեցնում է Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը: Ծնելիության մակարդակը կտրուկ իջել է, բնակչությունը 20 տոկոսով նվազել է, մահացության տարիքը՝ երիտասարդացել: Ադրբեջանական կողմից պարբերական գնդակոծումների արդյունքում կաթվածահար է սեփականաշնորհված տարածքների մշակումը: Սակայն այս ամենը մեզ չի հուսահատեցնում, փորձում ենք ծառացած խնդիրները հարթել, շենացնել համայնքը, սահմանն անվտանգ պահել: Մեզ վիրավորում են լրատվամիջոցների վերջին ժամանակների հրապարակումները: Մենք թշնամու գնդակի տարափի տակ հողի հետ կռիվ ենք տալիս, գյուղը չենք լքում, իսկ մեզ վախկոտի տեղ են դնում, իբր գյուղից փախչում ենք: Ոչինչ եւ ոչ ոք չի կարող դա մեզ պարտադրել»,-ասում է գյուղապետը:
Վերջին անգամ Դովեղ էի այցելել շուրջ 1 տարի առաջ, այնտեղ գրեթե ոչինչ չէր ավելացել, բացի մարդկանց ճակատի խորշոմներից: Սակայն շփվելով դովեղցու հետ, տեսնելով նրա համառությունը, հայրենասիրությունը՝ ապրելու ցանկությունդ կրկնապատկվում է:
ՄԵՐ ՀԱՆԴԵՐԸ ՄԻՆԱՊԱՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ