Մասնագիտությամբ իրավաբան, նաեւ պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը վրդովված է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ «Ֆեյսբուք»-ի պատին արած գրառման պատճառով, եւ նույն կայքում ինէն էլ է ուշագրավ գրառում արել: Իսկ թե ինչ է գրել Ալենն ու հետո ինչպես մեկնաբանեց այդ ամենը, հաջորդիվ:
«Պարո՛ն Աշոտյան, Ձեր ցինիկ ստատուսների համար վճարում եմ ես: Արդեն երկու օր է՝ կարդում եմ Ձեր հումորները՝ կապված «Մեզիմ ֆորտե» դեղամիջոցի հետ: Ի՞նչ իրավունք ունեք նման ցինիկ կատակներ անել: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք կատակել նույնիսկ 1 տոկոս մեր հայրենակիցների մասին, որոնք չեն ընդունում ընտրությունների արդյունքը: Դուք, եթե չեմ սխալվում, կրթության ոլորտում մեծագույն բարեփոխումներ կատարած նախարարն եք: Տարիներ շարունակ այս երկրի երիտասարդներին կրթելով եք զբաղվում` սկսած «նարնջագույն բազեների» ճակատից, մինչ նախարարի պորտֆել: Հիմա էլ, աշխատելու փոխարեն, նստել եք «Ֆեյսբուք»-ում ստատուսներ եք գրում եւ ուրախանում:
Գո՛րծ արեք: Զոլյանին գործից հանե՛ք-նշանակե՛ք, ուսանողների հարցադրումների՛ն պատասխանեք, ուսուցիչների որակն ու մակարդա՛կը բարձրացրեք կամ, ասենք, մի հատ ստուգո՛ւմ անցկացրեք, տեսե՛ք, թե բաժանված գումարը համապատասխանո՞ւմ է բերված ձայների քանակին: Իսկ Ձեր՝ «Ֆեյսբուք»-ում անցկացրած աշխատանքային ժամի, ինտերնետի, աշխատասենյակի, որտեղ Դուք մեր ազգի մի մասի նկատմամբ հեգնանքով ստատուսներ եք գրում, վճարում եմ ես ու նաեւ այն մարդիկ, ում Դուք հեգնում եք: Ուստի բարի՛ եղեք այդ ժամանակն օգտագործել Ձեր անմիջական գործունեության համար: Ես հավատում եմ, որ Դուք իմ գրածը կարդալիս կփոխվեք, վստահ չեմ, թե դրանից ինչ կստացվի, բայց դե… «Մեզիմ ֆորտե»-ի տեղը գիտեք»:
-Ինչի՞ հետ էր կապված Ձեր վրդովմունքը:
-Բնականաբար, ցինիզմն է ինձ զայրացրել, որ քարոզարշավի մեկնաբանությունների մեջ իր ֆեյսբուքյան էջում գրել է պարոն Աշոտյանը: Չէ՞ որ բոլորս էլ շատ լավ գիտենք, թե պարոն Աշոտյանի կուսակցությունն ինչ ձեւով է հավաքել այդ 44 տոկոսը: Դրանից հետո հայտարարել, թե մարդիկ, որոնք չեն մարսում ընտրությունները, թող գնան «Մեզիմ ֆորտե» խմեն… ի դեպ, ասեմ՝ այն արդեն վաղուց չեն խմում, հիմա «Կրիոն» են խմում, ինքը դա էլ չգիտի: Հասարակության լայն զանգվածներին, մարդկանց չի կարելի նման ձեւով ծաղրել, առավել եւս, երբ դու մի ամբողջ պետության կրթության նախարար ես: Էդ ի՞նչ ա է, բա դա ասելո՞ւ բան ա: Օրինակ՝ Ձեզ մոտ վրդովմունք չի՞ առաջացնում: Նշանակում է, եթե Դուք Հանրապետականին ձայն չեք տվել, ուրեմն Ձեզ պետք է ձե՞ռք առնեն: Բնական է, դա բարդ պրոցես է, որովհետեւ բոլորն էլ ուզում են հաղթած լինել: Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ, բայց չեմ վիրավորում ոչ ոքի: Սակայն եղել են մարդիկ, որոնք նրանց ձայն են տվել:
Պարոն Աշոտյանը լինի, թե ավելի բարձր պաշտոնյա, իրավունք չունի ՀՀ բնակչության գոնե մեկ տոկոսի կարծիքին հեգնանքով վերաբերել, քանի որ ինքն էլ այդ մարդկանց պես աշխատավարձ է ստանում:
-Եթե Դուք լինեիք ՀՀԿ-ի համախոհ, վստահ եմ, այսպես չէիք արձագանքի:
-Մենք կարող ենք զրուցել շատ տարբեր մարդկանցից՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից կամ Ձեր ասած որեւէ քաղաքական գործչից, ես էլ կհայտնեմ իմ կարծիքը, բայց դա չի նշանակում, թե ես ինչ-որ մեկին սիրում եմ կամ չեմ սիրում, պարզապես իրերը պետք է կոչել իրենց անուններով: Աշոտյանը շարքային քաղաքացի չէ, այլ պետական պաշտոնյա, իսկ ես հասարակ քաղաքացի եմ ու հանգիստ կարող եմ իմ «Ֆեյսբուք»-ի պատին մի բան գրել: Նա, ով ղեկավարող կուսակցության կրծքանշան է կրում, ով մի ամբողջ երկրի կրթության նախարար է եւ նման բաներ է ասում այն մարդկանց հասցեին, որոնք չեն համակերպվում ընտրությունների արդյունքների հետ ու ծանր են տանում դա, ես էլ ի՞նչ գնահատական պետք է տամ նրան: Դեռ շատ մեղմ եմ գրել, հավատացե՛ք:
-Չե՞ք փորձել անձամբ պարոն Աշոտյանին հայտնել Ձեր կարծիքը:
-Ես իրան չեմ էլ ճանաչում անձամբ, ու ինչի՞ համար ես իրեն դա ասեմ: Ես պետք է ասեմ, թե ինչպես մարդ իրեն պետք է պահի հասարակական վայրում, իսկ «Ֆեյսբուք»-ը հասարակական վայր է:
-Ընտրություններին մասնակցե՞լ եք:
-Ես իմ ձայնի ուժին հավատում եմ, գնացել եմ, բայց շատ հիասթափված եմ:
-Հասկանալի է, որ Ձեր ձայնը բաժին չի հասել Հանրապետականին:
-Բացառվում է, որ ես իմ ձայնը տամ մի կուսակցության, որի կառավարման տարիների ընթացքում այդքան մարդ է լքել Հայաստանը: Երբ ես մտնում եմ խանութ, ի դեպ, իմ աշխատանքով եմ գումար վաստակում, անկեղծ, դժվարանում եմ ինչ-որ բան գնել, այդ էլ այն դեպքում, երբ ես միջին աշխատավարձից էլ բարձր եմ ստանում: Ես ունեմ տատիկ, որը ստանում է 28 հազար դրամ թոշակ: Լավ, չեմ ուզում մանրանալ… Հիմա ինձ ասե՛ք, իրենց արած ո՞ր գործի համար ես պետք է ընտրեի Հանրապետական կուսակցությանը:
-Չե՞ք մտածում, որ Ձեր այս գրառումը Ձեզ վրա թանկ կնստի, կոպիտ ասած՝ չեք մարսի:
-Չեմ վախենում, թքած ունեմ: Ի՞նչ պիտի անեն, մուտքում մոտենան, ծեծե՞ն ինձ: Հպարտանում եմ իմ գրառումով, ասել եմ այն, ինչ մտածում եմ: Ինձ էլի են հարցրել՝ ինչի ես գրել, ինչիդ էր պետք: Ես անում եմ դա, քանի որ չեմ կարող լռել ու այսուհետ չեմ լռելու: Մարդիկ, որոնք գիտեն ու լռում են, թող իրենք վախենան, քանի որ միշտ դատապարտված են լռելու: