Քաղաքապետարանը նախապատրաստվում է ձմռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ձմռան նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվառվել են անհրաժեշտ մեքենամեխանիզմներն ու սարքավորումները, կուտակվում է համապատասխան քանակությամբ տեխնիկական աղ և շլակային ավազ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բազմաբնակարան բնակելի շենքերում ևս ձմռան նախապատրաստական աշխատանքներ տանել, նաև լրացուցիչ ծանուցել տնտեսավարողներին ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման պարտավորությունների մասին: Բացի այդ, հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքներ տանել՝ հատկապես ամառային անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու ուղղությամբ:

«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ արդեն այսօրվանից պետք է վարորդներին իրազեկել անվադողերի փոխարինման մասին: Ուստի ՃՈ հետ համատեղ պարբերաբար տեղեկացրեք բնակչությանը անվադողերը նախապես ձմեռայինով փոխարինելու անհրաժեշտության մասին, նաև իրազեկեք, որ առնվազն ձյան տեղումների օրերին խուսափեն փողոցների մայթեզրերին ավտոկայանումներից՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Այս մասով անելիքներ ունեն նաև վարչական շրջաններն ու համատիրությունները, որոնք իրենց հերթին ևս պետք է հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնեն բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում գույքագրվել և համապատասխան աշխատանքներ են տարվել քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման ուղղությամբ:




Լրահոս