
ՀԱՐՑ. Նկատել եմ, որ սոցիալական քարտերի վրա գրվում են նաեւ անձնագրի տվյալները, այսինքն՝ մինչեւ անձնագիր ստանալը հնարավո՞ր չէ սոցիալական քարտ ունենալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սոցիալական քարտ հատկացնելու համար հիմք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, հետեւաբար մինչեւ սոցիալական քարտ ստանալու համար դիմելը պետք է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, անձնագիրն ամենակարեւորն է, եւ նույնիսկ խոսակցություններ կան, որ հասարակության կողմից այդպես էլ չընդունված սոցքարտերն ընդհանրապես դուրս կգան գործածությունից: Այնպես է ստացվել, որ եթե անձնագրի առկայությունը սովորաբար պարտադիր է, ապա սոցիալական քարտ քաղաքացուց մե՛կ պահանջվում է, մե՛կ՝ ոչ: Դրա բացակայության դեպքում էլ հաճախ սոցքարտի «պարտադիր» առկայությունն անտեսվում է: Մարդիկ էլ հույս ունեն, որ նոր պլաստիկ անձնագրերի ներդրումից հետո սոցքարտերը լիովին կկորցնեն իրենց նշանակությունն ու այլեւս չեն կիրառվի: