ՀԱՐՑ. Մենք ապրում ենք Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում (բարձրլեռնային գոտում է): Երեխաս` Հայկ Պողոսյանը, ինչպե՞ս կարող է մասնակցել ընդունելության քննություններին: Երեք 8 ստանալն արդյոք բավական է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի:
Տեղեկացնում եմ, որ նպատակային ընդունելության տեղեր հատկացվել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանին:
Անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս բուհ են ընդունվում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները եւ ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները՝ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, դրական կարելի է գնահատել բարձրլեռնային բնակավայրերի դիմորդներին տրվող արտոնությունը, բայց միաժամանակ նկատենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացրած պետական բուհերի ցանկում ոչ բոլոր հաստատություններն են ներառված: