Ինձ զարմացնում է, որ պետությունը փորձում է հարմարեցնել օրենքները վարչարարությանը: Տարբեր եվրոպական երկրներ չունեն այն դեմոգրաֆիական խնդիրը, որն ունի Հայաստանը, չունեն ծնելիություն խթանելու խնդիր: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նա հույս հայտնեց, որ վերջնական քննարկման ժամանակ կներկայացվի այնպիսի նախագիծ, որը կբխի մայրերի շահերից:
«Երեք անգամ նպաստներն աճել են, բայց ծնելիությունը չի աճել երեք անգամ: Եվ ես ավելի քան վստահ եմ, որ այս ծախսերը ուղղված են ոչ թե ծնելիության թվի ավելացմանը, այլ նրան, որ գոնե պահպանվի ծնելիության ներկայիս մակարդակը»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական Է. Վարդանյանը: Նա ընդգծեց, որ ծնելիության մակարդակը ավելացնելու համար հարկավոր են այլ մեխանիզմներ և ոչ թե մայրերի շահերը ոտնահարել:
«Մեր բոլորի նպատակը պետք է լինի այն, որ ծնելիության թիվն ավելանա, սակայն ակնկալվող արդյունքի մասին բան չեմ տեսնում գրված նախագծի մեջ», – ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Եթե խնդիրը պագևատրումներն են, որ մեկ-երկու ամիս առաջ են արվում, միգուցե դրանք հանենք նախագծից, ոչ թե տարբեր օրենքներ բերենք մեկ հարթության մեջ ու խառնենք: Մայրության նպաստի իրավունք պիտի ունենան բոլոր մայրերը»,-ընդգծեց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հավելեց, որ արդյոք չկան այնպիսի վերահսկողության գործառույթներ, որ կարող է նախարարությունը սահմանել ու չստացվի այն արդյունքը, որ կա այսօր, երբ նպաստների համար գումարները շատ են ծախսվում, սակայն արդյունքը այն չէ. ծնելիությունը չի ավելանում, չեն աճում աշխատավարձերը: Նա ընդգծեց, թե պետք է այնպես անել, որ ոչ մի մայր չդժգոհի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ նպատակը ոչ թե խնդիր առաջացելն է, այլ եղած խնդիրը լուծելը: «Պատրաստ ենք բոլոր առաջարկները լսելու ու քննարկելու, որոնք կբերեն այս խնդիրների լուծմանը», – ընդգծեց նա: