«Եռյակում եղած յուրաքանչյուր ուժ իր առանձին պլաններն ունի: Իմ գնահատականով. այսօր իրականանում են միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները: Ինքը հստակ դառնում է այդ կոնտեքստի լիդերը, իր խոսքից է կախված ամեն ինչ: Ինքը չի թաքցնում դա, ցուցադրում է: Խորհուրդ կտայի քիչ երրորդ դեմքով ինքն իր մասին խոսեր, սիրուն չի: Հանրահավաքներից առաջ լավ կաներ պատրաստեր բանավոր խոսքը: Ամոթ չի, թող նախապատրաստվի, վերջիվերջո ժողովրդի առաջ է ելույթ ունենում»,- այսօր լրագրողների հարցին, թե ինչ է լինելու «համաժողովրդական շարժման» վերջը, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ես կարող եմ ասել, որ Գ. Ծառուկյանի մոտեցումները իրականացան, որովհետև այսօր ինքը դարձավ հստակ ընդդիմադիր զանգվածի լիդեր՝ ոչ իշխանություն լինելով: Մարդը չի էլ ընդունել, որ ինքը ընդդիմադիր է: Ոչ իշխանություն լինելով՝ ապահովեց հասարակական զանգված, որը Գագիկ Ծառուկյանին ընդունի որպես Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածու, որն իր ճանապարհով հստակ գնում է: Գիտեք, իշխանություններին քննադատել, ասել դուրս կգամ փողոց՝ դրանով ինձ չես զարմացնի, է: Ես Արտաշես Գեղամյան եմ տեսել: Այնպիսի ելույթներ՝ իշխանությունների եղբայրներից սկսած՝ ծնողներով դուրս եկած և հետո այսօրվա վիճակը: Դրանով ինձ զարմացնել չի լինի: Մանավանդ Գագիկ Ծառուկյանի ասածները շատ անմեղ ասած բաներ էին»,-անդրադառնալով Գ. Ծառուկյանի՝ «իշխանափոխության հարթակում» ունեցած դերին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Իսկ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը «եռյակի» միջոցով ինչքանով է հնարավոր համարում, նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն այն անհատն է, ով իրավունք ունի հետ վերադառնալու, ով արժանիքներ ունի հետ վերադառնալու: Նույնիսկ Դաշնակցությունը նման բան չի հայտարարել: Այնպես որ, բացարձակ չէի բացառի»: