Եթե Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը խելագարվեն, հոկտեմբերի 27-ը բացահայտելու բոլոր հույսերը կմարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 տարի առաջ այս օրը Հայաստանը 10 տարով հետ շպրտվեց: Այս համոզմանն է ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե ողջ մնար Կարեն Դեմիրճայանը ու ի կատար ածեր իր ծրագրերը, Հայաստանին հնարավոր կլիներ հանել դժվարին վիճակից:

«Նրա ծրագրերը, որոնց ես էի ծանոթ, հստակ ասում էին, որ Հայաստանին փոսից հանելու միակ պայմանը մոնոպոլիստական կապիտալիզմի վերացումն է Հայաստանի տարածքում: Եթե չլինի մոնոպոլիստական կապիտալիզմ, կծաղկի փոքր և միջին բիզնեսը, իսկ այս դեպքում մարդիկ աշխատատեղեր և աշխատանք կունենան, և բնականաբար, չի լինի նաև արտագաղթ: Ցավոք սրտի, մինչ այսօր մոնոպոլիստական կապիտալիզմը ոչ միայն մնացել, այլև նոր թափ ու երանգ է ստացել, ինչի արդյունքում էլ Հայաստանը հայաթափվում է: Կա նաև անարդարության առկայությունը, ինչից ևս մարդիկ փախչում են»,- շարունակելով խոսքը՝ ասաց Գուրգեն Եղիազարյանը, ում գնահատմամբ՝ շատ տարօրինակ ձևով մինչև վերջ գործը չբացահայտվեց: 15 տարի անց, մեր զրուցակցի դիտարկմամբ, կարող ենք ասել, որ այդպես էլ պատվիրատուներն ի հայտ չեկան:

Գ. Եղիզարյանը հակված է մտածելու, որ այդ ժամանակ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուն թուրքական արտաքին հետախուզությունն է:

«Այդ ընթացքում տարածվեցին լուրեր, թե անվտանգությանը տեղեկություններ էին հասել, որ ահաբեկչություն է սպասվում: Դեռևս նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Նաիրի Հունանյանն ամիսներ շարունակ եղել է Թուրքիայում: Թե ինչու է նա այդքան ժամանակ այնտեղ եղել, չի պարզվել մինչ օրս, անգամ չի պարզվել, թե որտեղ է նա ապրել: Հայտնի է եղել, որ Թուրքիա էր մեկնել որպես լրագրող, իսկ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը՝ որպես օպերատոր: Սակայն եղբոր կենսագրականի մեջ նշված չէ, որ նա երբևէ դրանով զբաղված լիներ: Իսկ նրա նկարահանած ֆիլմն այդպես էլ  չի ցուցադրվել, չնայած հեռուստապետկոմից Թուրքիայում ֆիլմ նկարահանելու համար նա ստացել է շուրջ 5000 դոլար: Դրանից նույնիսկ կադրեր չկան, ոչինչ գոյություն չունի: Ես էլ հակված եմ մտածելու, որ դա թուրքական հետախուզության հատուկ բազա էր, որը մանրամասներ է պարզել հետագայում ԱԺ շենքը գրոհելու համար»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինս նկատեց նաև, որ թեպետև ոճրագործները բանտախցերում են, բայց իրեն հասած տեղեկություններից ելնելով՝ ինքը ենթադրում է, որ Նաիրի և Կարեն Հունանյանները բանտախցերում մենակ են, ինչը, մեր զրուցակցի փոխանցմամբ, կոպիտ խախտում է: Գ. Եղիազարյանի խոսքերով՝ 15 տարվա ընթացքում մենակ մնալով՝ Կարեն Հունանյանը, ըստ տարածված լուրերի, խելագարման ճանապարհին է գտնվում, և պարբերաբար նրա բանտախցից ձայներ են լսվում:

Իսկ եթե նախաքննությունը վերսկսվի, շատ բաներ մոռացված ու վերացած կլինեն, քանի որ արդեն նախաքննական մարմինը գործ կունենա հոգեպես անառողջների հետ:

Տաթև Հարությունյան




Լրահոս