Հայ ազգային կոնգրեսի անդամ, “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գործարար, ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին, ով նրան հրավիրել էր իրեն պատկանող “Փարվանա” ռեստորան` նշելու ընտրությունների հաջող ավարտը:
Նիկոլ Փաշինյանի պատասխանում նշվում է.
“Պարոն Ալեքսանյան.
Ի սրտե ուրախացա տեսնելով ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում:
Որպես “պատգամավորական գործընկեր” վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու ձեզ ուղղված իմ հրավերը, որի ընթացքում կքննարկենք ձեր տեքստում բերված թեմաները եւ ոչ միայն. ընտրությունների ընթացքը, դրա օրինականությունը, քաղաքական իրավիճակը Հայաստանում, սպառողական գներն ընտրություններից հետո, մեր ապագա գործունեությունը խորհրդարանում: Առաջարկում եմ հեռուստաբանավեճը կազմակերպել մայիսի 20-ի երեկոյան, որեւէ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք, եւ համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում ձեր խնջույքի հրավերի քննարկումն իմաստ կունենա:
Ինչ վերաբերում է ինձ եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին, համոզված եմ, ձեր երկարամյա գործունեության ընթացքում թիվ 7 ընտրատարածքում երբեք այնքան իրական ընտրող չեք ունեցել, որքան իմ օգտին քվեարկել է 2012թ. մայիսի 6-ին
Բարեւներով` Նիկոլ Փաշինյանե:
Ավելի վաղ armlur.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրավերում Սամվել Ալեքսանյանը գրել էր.
Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19:00, “Փարվանա” ռեստորանային համալիրում”: