Այս պահին Արցախբանկի շենքի դիմաց են հավաքվել Դավթաշեն 2-րդ փողոցի և Փափազյան փողոցի բնակիչները:
Հիշեցնենք, որ 2006 թ. նրանք պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավթաշեն համայնքում բնակարաններ ստանան։ Գումարները մուծել են Արցախբանկում, իսկ ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, և հիմա բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել, իսկ Արցախբանկը 1 քմ -ի համար բնակիչներից պահանջում է եւս 450 դոլար մուծել՝ կրկնակի, քան պայմանավորվել էին։ Բնակիչները նշում են, որ այդ գումարով կարող են Ռուսաստանում բնակարան ձեռք բերել, եւ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի լքեն Հայաստանը։
Բնակիչների փոխանցմամբ՝ նրանց դեռևս երեկ խոստացել են հանդիպում-քննարկում Կառավարության ներկայացուցչի և բանկի սեփականատիրոջ հետ, սակայն անհասկանալի պատճառներով՝ հանդիպումը չի եղել:
Դավթաշենի բնակիչներից մեկն armlur.am-ին հայտնեց, որ ամռանն իրենք հանդիպել են արտասահմանից եկած բանկի սեփականատերերից մեկի հետ, ում հետ որոշել են հարցին լուծում տալ, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել: Այժմ նրանք հույս ունեն հանդիպել բանկի սեփականատիրոջ հետ և իրենց հարցին վերջնական լուծում գտնել: