Գայանե բալետը 70 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի “Գայանե” բալետի 70 ամյակը, որի առիթով վաղը՝ “Թանգարանային գիշեր” նախագծի շրջանակներում Արամ Խաչատրյան տուն-թանգարանի մշակութային ամբողջ ծրագիրը մշակված է “Գայանե” բալետի շուրջ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
“Ինչպես միշտ նախագծի սկզբում երեխաները կնկարեն Արամ Խաչատրյանի հնչյունների ներքո, բայց այս անգամ “Գայանե” բալետի հատվածների ներքո: Այնուհետև կլինի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները: Այս տարի կրկին կլինի պարի ուսուցում մասնագետների ղեկավարությամբ, կենդանի ելույթներ կհնչեն”,- ասաց նա:
Արմինե Գրիգորյանը նշեց, որ անցած տարի “Թանգարանային գիշեր” ակցիայի ընթացքում Արամ Խաչատրյան տուն-թանգարանն ունեցել է 5000 այցելու։
“Մարդիկ արդեն գալիս են ընտանիքներով, երեխաների հետ: Այս տոնը հնարավորություն է տալիս շատ այցելուների, ովքեր աշխատանքային ժամերին չեն կարողանում այցելել թանգարան”,-ասաց նա և ավելացրեց, որ ամբողջ տարվա ընթացքում, թեև այցելուների պակաս չեն ունենում, բայց դրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են:
Մամուլի ասուլիսին ներկա Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների գլխավոր մասնագետ Սահակ Սարգսյանը նշեց, որ անցած տարի “Թանգարանային գիշեր” ակցիայի շրջանակում Հայաստանի 60 թանգարաններ են այցելել 100. հազ.:
“Մրցակցություն կա թանգարանների միջև, նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է յուրովի ներկայանալ: Նշեմ, որ վերջին տարիներին մարզերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս ակցիայի նկատմամբ, ինչը շատ ողջունելի է”,- ասաց Սահակ Սարգսյանը:




Լրահոս