Բյուջետային ծախսերում ատկատների վերացումը կամ կրճատումը կարող է տեղի ունենալ ծրագրային բյուջետավորման ներդրումից հետո: Այս մասին այսօր՝ 2015-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, նշեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Բյուջետային տեսակետից ատկատների վերացման ճանապարհը ծրագրային բյուջետավորման ներդրումն է: Այսինքն՝ երբ բյուջեն կլինի ամբողջապես ծրագրային, երբ կունենանք արդյունքների հիման վրա ծախսեր, ծրագրեր՝ իրենց որակական, քանակական, ժամկետային չափանիշներով, այդ ժամանակ ատկատների տեսակարար կշիռը կնվազի: Մենք այս ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, մենք ԱԺ-ում ենք քննարկումներ արել այս թեմայով»,- նշեց փոխնախարարը:
Հարցին, թե 2015-ին նոր դեսպանություններ բացվելու են, և արդյոք 2015-ին միջոցներ կհատկացվեն Իրաքում և Դանիայում մեր դեսպանությունների տարածքի վարձակալման համար, ֆինանսների փոխնախարարն արձագանքեց. «Ես չեմ այն մարդը, ով պետք է ասի: Ես անգամ չգիտեմ՝ ով էր ֆինանսավորում: Կարծում եմ՝ ԱԳՆ-ն ձեզ մանրամասն կներկայացնի պատճառները»: