“Իմ կարծիքով, ճիշտ կլինի, որ քաղաքական կոալիցիան շարունակի իր գործունեությունը: Միջկուսակցական փոխգործակցությունն անհրաժեշտ է երկրում կայունության պահպանման համար: Կարծում եմ, որ երկու կուսակցությունները (ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն) պետք է որդեգրեն փոխըմբռնման կայուն մեխանիզմ: ՀՀԿ-ն պատրաստ է համախմբել բոլոր կուսակցություններին, եւ դրա համար մենք նախքան ընտրություններն էլ հրապարակել ենք մեր քաղաքական ծիրը”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ապագա կառավարության հետ կապված` մասնավորապես այն խոսակցությունների, որ նախարարական տեղերն ավելացվեն, Գալուստ Սահակյանը նշեց. “Նոր ԱԺ առաջին նստաշրջանում եթե քաղաքական ուժերի համապատասխան համաձայնությունը լինի, կոալիցիա լինի, մենք կքննարկենք այդ հարցը, եթե ոչ, ՀՀԿ-ն մենակ կմնա ժողովրդի հետ”:
Ապագա վարչապետի անվան հետ կապված` ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ ամեն ինչ պարզ է եւ” Հանրապետականի, եւ” իր համար, սակայն ” քաղաքական հավանական ալեկոծությունները” թույլ չեն տալիս իրեն բարձրաձայնել այդ մասին: