Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները միաձայն, բացառությամբ ՀՌԱՀ նախագահ Գրգիոր Ամալյանի (նա ձեռնպահ էր), որոշեց կարճել «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ հարուցած վարչական վարույթը:
Բանն այն է, որ ինչպես նիստում տեղեկացրեց (ՀՌԱՀ) Վերահսկողության վարչության պետ Հայկ Գևորգյանը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ իր լուսաբանումների ժամանակ կուսակցություններին լուսաբանելիս ցուցաբերել է խտրական վերաբերմունք` այդպիսով խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն էլ իր հերթին ասաց, որ հեռուստաընկերությունը 1700-ից ավելի րոպե տրամադրել է միայն մեկ կուսակցության լուսաբանմանը, իսկ մյուս կուսակցություններին տրամադրել է 200 րոպեի չափով եթեր: «Ստացվում է, որ «Կենտրոն»-ի աշխատակիցները կա´մ գործել են ոչ պրոֆեսիոնալ, կա´մ չեն կարողացել վստահ տարանջատել և բալանսավորման մեթոդը ճիշտ չի ընկալվել, արդյունքում ստացվել են խիստ անաչառություններ»,- հայտարարեց Ամալյանը` նկատելով, որ հեռուստաընկերության լրատվական ծառայության պատասխանատուները «լուրջ մտածելու» տեղ ունեն ու պետք է մտածեն:
«Շեղումներ կան բոլոր հեռուստաընկերություններում, բայց ձեր մոտ թույլ տված շեղումները հինգ անգամ ավելի էին», -ընդգծեց ՀՌԱՀ նախագահը:
ՀՌԱՀ անդամներ Հարություն Հարությունյանն ու Կորյուն Առաքելյանը հանձնաժողովին առաջարկեցին այս անգամ մեղմ վարվել հեռուստաընկերության հետ և, հաշվի առնելով նախորդ անգամ հեռուստաընկերությանը պատժելու հանգամանքը, այս անգամ վարչական վարույթը կարճել:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում հեռուստաընկերությունը դարձյալ խախտում թույլ տալու համար տուգանվել էր 1 մլն դրամով: