Ինչ կանի ոստիկանությունը «եռյակի» նստացույցի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը «եռյակ»-ի նստացույցի դեպքում պատրաստ է օրենքի շրջանակներում կատարել իր պարտականությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը:

Նա ընդգծեց, որ ոստիկանությունը գործում է միայն օրենքի շրջանակներում, և ինչը Սահմանադրությամբ թույլատրվում է, ոստիկանությունը կատարում է:

Լրագրողների այն դիտարկմանը, թե 2008-ին ոստիկաններն  ագրեսիվ էին գործում, իսկ երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ նույնիսկ փոքր թվով էին ներկա, փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության համարգում կատարվում են բարեփոխումներ և այդ թվականի համեմատ փոխվել է ոստիկանության գործելաոճը:

«Դուք պետք է շնորհակալ լինեք, որ նմանատիպ ոստիկանություն կա Հայաստանում», – հայտարարեց նա:

Դիտարկմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնացել էր սառը ցնցուղով կանխել թեժ աշունը, Համբարյանը պատասխանեց. «Ոստիկանությունը ոչ մի անգամ չի սպառնում, գործում է օրենքի սահմաններում: Ընդհանրապես մի բան ասեմ՝ սառը ցնցուղ չկա, կա օրենքի շրջանակներում աշխատանք, որը Վլադիմիր Գասպարյանը շատ լավ ղեկավարում է և ասում, որ մենք պետք է աշխատենք հանուն ժողովրդի, ի շահ ժողովրդի»:




Լրահոս