Արտակարգ իրավիճակների նախարարության համար, 2015 թվականի պետական բյուջեի նախագծով, նախատեսվել է 11 մլրդ 203 մլն դրամ, որը 2014-ի պետական բյուջեի նկատմամբ ավել է շուրջ 3 մլրդ դրամով: Այս մասին այսօր՝ 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը և ներկայացրեց ԱԻՆ-ի, Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ 2015-ի բյուջեով սահմանված ցուցանիշները:
Նրա խոսքով՝ այդ գումարներն ուղղվելու են արտակարգ իրավիճակների նախարարության պահպանման ծախսերի գծով՝ 1,2 մլրդ դրամ, փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանման գծով՝ 7,2 մլն դրամ, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը հատկացվելու է 858 մլն դրամ:
Պավել Սաֆարյանը նշեց, որ ԱԻՆ-ի ընդհանուր գումարների ավելացումը պայմանավորված է աշխատավարձի բարձրացումով, որը տեղի է ունեցել հունիսի 1-ին, և դրա շարունակականությունն ապահովելու համար ամբողջ բյուջեով անհրաժեշտ է եղել շուրջ 41 մլն դրամ:
Ոստիկանության մասով՝ 2015-ի բյուջեով՝ ծախսերը կազմելու են 39, 184 մլրդ դրամ, որը 2014-ի համեմատ ավել է 14,5 տոկոսով կամ 4,9 մլրդ դրամով: Հասարակական կարգի պահպանության ապահովում ծրագրով նախատեսված է 36,3 մլրդ դրամ՝ 2014-ի 31,6 մլրդի փոխարեն: Իսկ պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների պահպանության ծրագրով էլ նախատեսված է 1,5 մլրդ դրամ: