«Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հետ կնքվեց Համագործակցության համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հետ Համագործակցության համաձայնագրի կնքման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Ողջունելով պատվավոր հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Արդեն մեկուկես տարի է, ինչ պարոն Փանոսյանը ղեկավարում է «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրենի պատվավոր պաշտոնը և այն եզակի պատոնյաներից է, որ այդ ժամանակահատվածում շրջագայեց հայկական սփյուռքում ու կարիքների ճիշտ գնահատում կատարեց: Ուսումնասիրելով հայկական համայնքներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ իր առաջարկությունները ներկայացրեց հիմնարկության ղեկավարությանը:

Որպես գերատեսչության ղեկավար՝ շնորհակալ եմ «Գալուստ Կյուլպենկյան» հաստատությանը, որ հայկական սփյուռքում ճիշտ կազմակերպված աշխատանքներ է իրականացնում: Արդյունավետ ծրագրեր են իրականացնում նաև Հայաստանում այլ կառույցների՝ Մատենադարանի, Գիտությունների ակադեմիայի, ԵՊՀ-ի հետ: Հաստատության հիմնական նպատակը հայագիտության զարգացումն է: Առավելապես շեշտը դրվում է արևմտահայերենի պահպանման ու զարգացման խնդիրների վրա»:
«Գալուստ Կյուլպենկյան» հաստատության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: Կարևորելով աշխատանքները արևմտահայերենի պահպանման ու զարգացման ուղղությամբ՝ նա մասնավորապես նշեց. «Պետք է երիտասարդության համար արևմտահայերենը գործնական լեզու դարձնենք, հատկապես Սփյուռքում: Ուրախ եմ, որ սփյուռքի նախարարությունը մտահոգված է այդ հարցով, քանի որ դա սփյուռքի կարևորագույն հարցն է: Եթե մենք չկարողանանք, ոչ ոք չի կարողանա պահպանել արևմտահայերենը»:

Կարևորելով Սփյուռքում հայ մշակույթի ու հայոց լեզվի պահպանումը և զարգացումը, գիտական, կրթական, հրատարակչական և մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը Հայրենիք-Սփյուռք գործակցության շրջանակներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը կնքեցին Համաձայնության հուշագիր, որի շրջանակներում կհամագործակցեն արևմտահայերենի ուսուցողական նյութերի հրատարակման և տարածման, Հայաստանում արևմտահայերենի ուսուցման կենտրոն ստեղծելուն օժանդակելու, Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների գծով սովորող սփյուռքահայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու և այլ հարցերում:




Լրահոս