Գաղտնիք չէ, որ պետական գերատեսչություններն ահռելի գումարներ են ծախսում տարբեր ուղևորությունների և գործուղումների վրա: Դա է վկայում նաև Armlur.am-ի ձեռքի տակ եղած պաշտոնական փաստաթուղթը: Ազգային ժողովից մեզ տրամադրած փաստաթղթում ներկայացված են 2013թ. պատգամավորների բոլոր գործուղումների տվյալները, որն էլ կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը: Նախ նշենք, որ Ազգային ժողովի գործուղումների վրա ծախսվել է 350 մլն դրամ:
Սկսենք Հովիկ Աբրահամյանից, ով այն ժամանակ զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Նախ նշենք, որ նա հաշվետու տարում չորս անգամ է արտասահման մեկնել, որից երկուսը եղել են պաշտոնական այցեր: Մեկ անգամ նա մասնակցել է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին և մեկ անգամ էլ Եվրոպահայերի երրորդ համագումարին:
Միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Հովիկ Աբրահամյանի հետ մեկտեղ Ժնև էին մեկնել նաև պատգամավորներ Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Կարեն Ճշմարիտյանը (այժմ Էկոնոմիկայի նախարար) և Մարտին Սարգսյանը (այժմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ):
Պատգամավորները մեկնել են 2013թ. հոկտեմբերի 6-ին, վերադարձել՝ հոկտեմբերի 10-ին, իսկ այս չորսօրյա ուղևորությունը պետբյուջեի վրա արժեցել է 6 մլն 232 հազար 352 դրամ: Այդ ուղևորության համար «Արմենիա Թրավել +Մ» ՍՊԸ-ից գնվել է 10 տոմս, որից մեկը բիզնես կարգի, մեկը պրեմիում էկոնոմ կարգի, իսկ մյուս բոլորը էկոնոմ կարգի:
5 մլն 147 հազար դրամ է արժեցել Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Եվրոպահայերի երրորդ համագումարին: Այդ նպատակով «ՍՍ Թրեվլ» ՍՊԸ-ից գնվել է 6 տոմս: