«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել` պարզաբանելով ՀԱԿ-ը լքելու իրենց որոշումը:
Կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կուսակցությունը, հավատարիմ իր սկզբունքներին, պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը։
Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ ազգային կոնգրեսի համոզմունքը, արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ խորանում են։
Ուստի «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ քննարկման արդյունքում, միաձայն որոշեց դադարեցնել իր անդամակցությունը Հայ Ազգային կոնգրեսին:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայ ազգային կոնգրեսին՝ համատեղ անցած ճանապարհի համար, մաղթելով հաջողություն իր ծրագրերի իրականացման ճանապարհին»։