Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Մանուկյանը, չունենալով փաստաբանի արտոնագիր, քաղաքացուհուն ներկայացել է որպես փաստաբան և «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն ազատելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելով, 2014թ. փետրվար- ապրիլ ամսիներին վերցրել է ընդհանուր առմամբ` 6.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն որևէ իրավաբանական ծառայություն չի մատուցել:
Նշված գումարից 1.500 ԱՄՆ դոլարը վերադարձրել է տիկնոջը, իսկ գումարի մյուս մասը` 5.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, հափշտակել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին