Զարուհի Փոստանջյանը պահանջեց հաշվարկել ԵՏՄ-ի վնասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, արդյոք բյուջեն կազմելիս հաշվարկվել են այն վնասները, որոնք լինելու են ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դեպքում.

«Քանի որ բյուջեն կազմելիս դուք չէիք մտածել, որ անդամակցելու ենք միությանը, կա՞ արդյոք աշխատանքային խումբ, որ կարող է հաշվարկել այդ վնասները: Ի՞նչ համադրություն եք արել: ՌԴ-ն այս պահին գտնվում է միջազգային սանկցիաների տակ, ու հետևաբար, ռուբլին ի՞նչ ազդեցություն է ունենալու մեր բյուջեի վրա»:

Ի պատասխան Պավել Սաֆարյանը նշեց.«Շնորհակալություն ձեր երկարաշունչ հարցի համար… Տիկին Փոստանջյան, դուք ցանկություն ունե՞ք լսելու պատասխանը… Ուրեմն ասեմ՝ բյուջեն որոշակի տրամաբանությամբ է կազմվում: Իրավաբանորեն, դուք իրավաբան եք, կհասկանաք, երբ բյուջեն ներկայացվում էր, միության անդամակցության համաձայնագիրը չէր ստորագրվել: Այս պահին, այո, կա խումբ, որն աշխատում է: Երբ բյուջեում ֆինանսական հոսք ենք ուզում նշել, ճշգրիտ հաշվարկներ են պետք: Մենք ոչ թե մոտավոր գնահատականներ պետք է տանք, այլ կոնկրետ հաշվարկներ»:

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե  ե՞րբ դա կլինի. «Որ մենք ունենանք պատկերացում՝ ճիշտ կողմնորոշման համար»:

«Ամեն ինչ կանենք, որ ԱԺ քառօրյային, երբ պետական բյուջեն կներկայացվի ընդունման, արդեն աշխատանքային խմբի պատասխաններն ունենանք»,-պատասխանեց Պ. Սաֆարյանը:




Լրահոս