«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում, 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հարց ուղղեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանին: Նա անդրադարձավ կարմիր գծերի խնդրին:
«Վարորդները բողոքում են, որ Բաղրամյան 26-ում, երբ փորձում են կայանել իրենց մեքենան, այնտեղ կարմիր գծեր չկան, ու չեն կարող կանգ առնել: Ստացվում է՝ այդպիսով արտոնյալ կարգավիճակ կա Սերժ Սարգսյանի նստավայրի աշխատողների համար: Հատուկ ճնշումներ ե՞ք գործադրում, որպեսզի գծեր չքաշվեն, որ ձեր աշխատողներն իրենց մեքենաների համար կայանման համար գումարներ չվճարեն»:
Վարդան Արամյանը նախ նշեց, թե տիկին Փոստանջյանի բարձրացրած հարցը 2015թ. բյուջեի հետ որևէ առնչություն չունի.«Ես ինքս իմ մեքենան կայանում եմ սահմանված տեղերում, հետևում եմ ճանապարհային երթեւեկության կանոններին, այդ կարգը գործում է բոլորի համար, նաեւ՝ ինձ համար»:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց հարցադրումները հնչեցնել բացառապես պետական բյուջեի շրջանակներում, այլ ոչ թե քաղաքական գնահատականներ տալ: