Ազգային ժողովին 2015 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 4 միլիարդ 560 միլիոն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ նախորդ տրվա համեմատ ավելացումները կազմում են 706 միլիոն դրամ, որի առյուծի բաժինն աշխատավարձերն ու էներգետիկ ծախսերն են:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ գործադիր և օրենսդիր մարմինների ռեսուրսների անհամաչափ բաշխմանը: Նա նկատեց, որ կառավարության նախագծերի 95 տոկոսն ընդունվում է, իսկ ԱԺ-ի մշակածներից՝ միայն 5 հինգ տոկոսը, քանի որ խորհրդարանի իրավաբանական վարչության անդամների քանակը, մասնագիտական պատրաստվածությունը ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին:
Պատգամավորը մատնանշեց այն խնդիրը, որ պատգամավորն ինքն է օրենքներ գրում, սակայն, ըստ նրա, դա ճիշտ չէ, քանի որ պատգամավորն առաջին հերթին քաղաքական գործիչ է: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն արձագանքելով օրինակ բերեց Գերմանիայի արդարադատության նախարարության փորձը, որտեղ 700 մարդ է իրավաբանական վարչությունում աշխատաում:
Պատգամավորի արձագանքը կատակով էր արված. «Պարո՛ն Թովմասյան, դուք արդեն մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պետք է պաշտպանեք: Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող իրենց շահերը պաշտպանի»: Հ. Թովմասյանն էլ հավելեց. «Դե հորանց տունն է»:
Հիշեցնենք, որ մինչ խորհրդարան տեղափոխվելը, նա զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը: