Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Քեթրին Լիչն ու Ռայներ Մորելը ներկայացրին Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին նվիրված Հայաստանում անցկացվելիք միջոցառումների ցանկը:
Հոկտեմբերի 31-ին այցելություն կլինի Գյումրիի Բայրոնի անվան դպրոց: Այստեղ դպրոցի աշակերտների, Գյումրու թիվ 3և թիվ 25 դպրոցների աշակերտների հետ միասին երկու դեսպանները պատերազմում կտնկեն արհեստական կակաչներ: Դեսպան Քեթրին Լիչը հարց ուղղեց` իսկ դուք գիտե՞ք` ինչ է խորհրդանշում կակաչը: Պարզվեց, որ Մեծ Բրիտանիայում կակաչը խորհրդանշում է Առաջին համաշխարհայինի զոհերի հիշատակը:
Ապա դեսպանը հայտնեց, որ նոյեմբերի 10-ին Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի կունենա ժամերգություն՝ ի հիշատակ Առաջին համաշխարհայինի զոհերի: Ժամերգությունը կանցկացնի Երևանում Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ հայր Ջոնը:
Լրագրողի դիտարկմանը, թե Եվրոպայում պատերազմն ավարտել է, սակայն այստեղ` Հայաստանում, կա ցեղասպանության ընդունման հարց, դեսպան Քեթրին Լիչը նշեց. «Թուրքիան լավ գործընկեր է համարվում: Մենք խրախուսում ենք, որ հայ-թուրքական հաշտեցում իրականացվի»:
Իսկ Ռայներ Մորելը նշեց, թե վերոնշյալ միջոցառումներով իրենք նախևառաջ ցանկանում են նայել դեպի ապագան և ցույց տալ, որ կան հնարավորություններ հին թշնամությունները վերանայելու և վերացնելու: «Այն, ինչին մենք հասանք աշխարհամարտից հետո, մեծ ջանքերի արդյունք էր: Այս ամենը մեզ ցույց տվեց, որ պետք է նաև ներողություն խնդրել, և հույս ունենք, որ Թուրքիան կվերանայի այս հարցը»,- ասաց դեսպանը` շեշտելով, թե թուրքական կողմում առաջընթաց է նկատվում:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև հանդիպմանը` դեսպանները ողջունեցին այդ քայլը` նշելով, որ դրական է, երբ ոչ բարեկամական կողմերը կրկին հանդիպում են:
«Ուրախ ենք, որ Ֆրանսիայի նախագահը նախաձեռնեց հանդիպում երկու երկրների նախագահների միջև: Այս հանդիպումից պետք է ակնկալել շոշափելի արդյունքներ: Կարևոր է, որ երկու պետությունների նախագահները երկխոսության մեջ են մտնում, և կարևոր է, որ նրանք արդեն երրորդ անգամ են հանդիպում: Կարևորն այն է, որ նրանք նաև բովանդակային առումով եզրեր գտնեն: Այս ձևաչափը ճիշտ է ընտրված»,- ասաց դեսպան Ռայներ Մորելը:
Իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերջինս ասաց, որ Եվրոպան ամեն դեպքում շարունակելու է Հայաստանի հետ տնտեսական կապը, իսկ գնային առումով գրեթե փոփոխություններ չեն լինի: «Գյուղատնտեսության ոլորտում, կարծում եմ, Հայաստանի համար դրական հեռանկարներ կարող են լինել: Անդրադառնամ պատժամիջոցներին և ասեմ, որ Եվրոպան պատժամիջոցներ չի կիրառել: Այսպիսի հիմար մոտեցումներ Եվրոպան չի կիրառում: Հուսով ենք՝ Ռուսաստանը կհասկանա, որ Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ պետք է գտնել Եվրոպայի հետ ընդհանուր լեզու»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:
Իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանն ասաց, թե հաշտեցումը պետք է տանել քաղաքական դաշտ և փորձել այնտեղ լուծում գտնել:
Լրագրողի այն հարցին` ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստան-Ղրիմ չվերթների իրականացումները, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկայում, դեսպան Ք. Լիչը կարծիք հայտնեց, որ իրենք բոլորովին չէին ցանկանա դրանց իրականացումը և ճիշտ կլինի չօրինականացնել այդ չվերթները:
«Թե ինչ կկատարվի, ես որոշակի պատասխան չունեմ: Հետևանքներ կրողը ժողովուրդն է լինելու, ով ստիպված ավելի երկար ճանապարհ պետք է անցնի, քան անցնում է հիմա: Շատ դժվար հարց է»,- նման պատասխան էլ տվեց Գերմանիայի դեսպանը:
Բանախոսները հրաժարվեցին խոսել Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների մասին: Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ իրենք վերլուծում են, բայց չեն արտահայտվում երկրի ներքին խնդիրների մասին: «Սա մի հարց է, որը վերաբերում է բացառապես հայերին: Սակայն իսկապես ժողովրդավարության դրսևորում է կառավարությունից պարզաբանում պահանջելը»,- ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է իրենց երկրներում այսպիսի պարագայում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, դեսպանը դժվարությամբ, սակայն պատասխանեց. «Սա տեսական հարց է: Պետք է նախ իմանալ ժողովրդի կարծիքը, քանի որ գլխավոր միտումը հանրության շրջանում է»,- եզրափակեց դեսպանը: