ԻՐԱՐ ՄԻՍ ՉՈՒՏՈՑԻ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը միշտ մտածել է, թե երբեք որեւէ կուսակցության շարքերում չի լինելու:
-Ընդգրկվեցիք ՀՀԿ-ի շարքերը, իսկ հիմա էլ արդեն համամասնական ցուցակով պատգամավոր եք ընտրվել, ի վերջո, ինչո՞ւ ՀՀԿ-ական դարձաք եւ ի՞նչ ծրագրեր ունեք՝ խորհրդարանի հետ կապված:
-Ես պատասխանել եմ, թե ինչու եմ այդ կուսակցության մեջ ընդգրկվել: Մշակույթի հետ կապված:
-Հնարավո՞ր է՝ ԱԺ մտնելու համար թողնեք երգարվեստը, քանի որ դժվար կլինի այդ երկուսը համադրել:
-Չի կարող նման բան լինել: Նախ՝ պետք է գնալ Ազգային Ժողով՝ աշխատանքի, հասկանալ ժամային զբաղվածության չափը եւ ըստ այդմ արդեն որոշել: Չեմ կարծում, որ դրանք կարող են իրար խանգարել:
-Քաղաքականություն մտնելու Ձեր որոշումը միանշանակ չընդունվեց, քննադատություններ հնչեցին հատկապես Ձեր` ՀՀԿ-ական դառնալու հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերում հնչող բացասական գնահատականներին:
-Քննադատում են մարդիկ, որոնք այս կյանքում ինչ-որ քայլ իրենց սեփական շահի համար են անում, հանուն սեփական ամբիցիաների: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ քննադատելուն, ցավոք սրտի, դա վերջին շրջանում դարձել է միակ ձեռագիրը, որեւէ նորմալ մարդկային վերաբերմունք, որեւէ գնահատանք չկա, խոսքս այս պահին իմ մասին չէ, թեեւ ես անցել եմ ճանապարհ, որը բազմիցս գնահատվել է ժողովրդի կողմից, որը եւ արտիստին թեւեր է տալիս եւ ստեղծագործական երկար կյանք… բայց չէ՞ որ նաեւ պետական մասշտաբով հարցեր են լինում, եւ լինում են իսկապես ձեռքբերումներ, որոնք պետք է գնահատել: Նույնիսկ այդ գնահատանքը այնպիսի սարկազմով են ներկայացնում, որ ինչ-որ նողկալի, համատարած… չէ՞ որ իսկապես ուղղակի կարելի է ապրել երկրում, գնահատել գնահատելին, քննադատել վատ երեւույթները եւ դա անել շատ պարկեշտ: Ինչո՞ւ գնացի Ազգային Ժողով, գնացի, որովհետեւ պրոբլեմներ շատ կան` հատկապես մշակույթի ասպարեզում: Երեւի քննադատում են նրա համար, որ ես շատերին նման չեմ, ես իմ տեսակն ունեմ եւ դրա համար դառնում եմ ոչ ընդունելի եւ ոչ սիրելի: Ցավոք սրտի, մեր երկրում անհատականություններին շատ չեն սիրում, միայն երկիրը սիրող մարդը կարող է այդ ամենին դիմակայել:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ում կարծում էին, թե Դուք իրենց կուսակցության շարքերն եք համալրելու, սակայն գերադասեցիք ՀՀԿ-ն: Ինչո՞ւ:
-Առաջին անգամ եմ լսում, Դուք ինձ համար լրիվ նորություն ասացիք: Նման  առաջարկություն եղել է երեւի 5-6 տարի առաջ Միացյալ Նահանգներում, ավելի ճիշտ՝ հարց էր, ոչ թե առաջարկ, եթե իմ պատասխանը դրական լիներ, ես միանգամից կասեի: 8 տարի առաջ ես ասում էի,  որ ես ոչ մի կուսակցության չեմ պատկանելու, եւ ես երբեք չեմ եղել դաշնակցական, դա թյուր կարծիք է: Երեւի թե դաշնակի թոռ եմ, հորաքույրս դաշնակցական է, շատ դաշնակ ընկերներ ունեմ, դա է պատճառը: Ես շատ ազատ եմ դաշնակ լինելու համար, ես չեմ ընդունում իրենց կաղապարները:
-Ալվադ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ԱԺ-ում շատ քիչ են տառաճանաչները, իսկ Դուք տառաճանաչներից եք:  Ձեզ համար դժվար չի՞ լինի ԱԺ-ում աշխատել, Ձեր հորաքրոջ բնորոշմամբ, անտառաճանաչների հետ:
-Շնորհակալ եմ իրեն այդ գնահատականի համար, գիտեք ինչ, միանշանակ անտարբեր չեմ մնալու, պարզապես ինչ-որ բան շտկելու գեղեցիկ ձեւն էլ կարելի է գտնել:
-«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ հաճախ եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, ի՞նչ եք քննարկում նրա հետ հանդիպումների ժամանակ:
-Վա՜յ, իսկապե՞ս, չէ՛, շատ հաճախ չենք հանդիպում, վերջին անգամ հանդիպել եմ իմ համերգի ժամանակ եւ ՀՀԿ-ի շենքում ընտրությունների հաջորդ օրը, երբ ասացին, որ մենք մեծամասնություն ենք կազմում:
-Այժմ արդիական թեմա է դարձել կոալիցիա կազմելու հարցը, ըստ Ձեզ՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կրկին կոալիցիա կազմեն:
-Առհասարակ պետք է տարբեր գաղափարների մարդիկ անպայման մի տեղում լինեն:  Ես ուրախացա, որ ՀԱԿ-ը անցավ, այն առումով, որ այնտեղ գտնվելով՝ գուցե շատ ավելի ճիշտ կլինի դիալոգը ստեղծել, եւ չլինի այն լարվածությունը, որը կա: Այսինքն՝ հայը հային ատում է այնպես, ինչպես հայը թուրքին, դա ինձ համար շատ անընդունելի է: Իհարկե, կոալիցիան պետք է լինի, այն առումով, որ պիտի ծրագրերը միացնեն եւ հայի համար ի կատար ածեն այդ ծրագրերը: Կարծում եմ, որ պետք է լինի կոալիցիա, բայց ուզում եմ, որ այդ կոալիցիան լինի անդավաճան, որ իրար հետ ծառայեն նույն գաղափարին, իրար միս չուտոցի եմ ուզում լինի, հասկանո՞ւմ եք: Ձեւական բնույթները չեմ սիրում, սա երկիր է, լաբորատորիա չէ, որ փորձարկեն մարդկանց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս