ՀՅԴ-Ն՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն առաջիկայում պատրաստվում է ՀՅԴ բյուրոյի արտահերթ ժողով անել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՅԴ բյուրոյի ժողովում նախատեսված է քննարկել կուսակցության առաջիկա անելիքներն ու կադրային հարցերը:
Համենայնդեպս, հատկապես մերձավոր արեւելքի երկրներում մեծ է դժգոհությունը ՀՅԴ կառույցների աշխատանքից: Արդյունքում՝ տեղի դաշնակցականները որոշել են արտահերթ ժողով հրավիրել ու քննարկել առկա իրավիճակը: «Ժողովուրդ»-ի աղբյուրները չբացառեցին ՀՅԴ բյուրոյի կազմում որոշակի փոփոխությունները, եւ հավանական է, որ ՀՅԴ բյուրոյի ներկայիս անդամներից շատերն առաջիկայում կուսակցության ղեկավար կազմում տեղ չունենան: Նշենք, որ ՀՅԴ բյուրոն այժմ կազմված է 9 հոգուց:
ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ՀՅԴ բյուրոյի ժողովի մեջ չկա որեւէ արտառոց բան: Ըստ նրա՝ նման նիստեր անցկացվում են որոշակի պարբերականությամբ՝ տարեկան 3-4 անգամ, եւս մեկն էլ նախատեսված է անցկացնել առաջիկայում: Աղվան Վարդանյանը, սակայն, հերքեց ՀՅԴ բյուրոյի վերնախավի փոփոխությունը՝ հայտարարելով, թե նման հարց չի քննարկվում:
ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ փոխանցեց, որ ՀՅԴ բյուրոն, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալու է նաեւ ԱԺ վերջին ընտրություններին: «Ամբողջ «Դաշնակցություն»-ը դժգոհ է այն այլանդակություններից, որի ականատեսը եղավ՝ անկախ ՀՅԴ աշխարհագրական դիրքից: Այդ ամենից դժգոհ են ե՛ւ սփյուռքի, ե՛ւ Հայաստանի դաշնակները»,-նշեց նա:
Հ.Գ. Ի դեպ, ՀՅԴ-ն հայտնվել է ուշագրավ սկանդալի մեջ. երեկ DIY փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ) լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր ակումբը պայթեցրած անձանց ազատ արձակման 1 մլն դրամ գրավը վճարել են ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը: Նա հավանաբար այսպես ցանկացել է անուղղակի կերպով ակնարկել, որ հենց ՀՅԴ-ն էլ կանգնած է կատարվածի թիկունքում։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ակումբի սեփականատիրոջ կողմից ՀՅԴ անվան շահարկումը: «Իբրեւ Ազգային Ժողովի պատգամավոր՝ բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ թե՛ օրենսդրական առաջարկների ձեւով եւ թե՛ մասնավոր դեպքերում»,-ասել է նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս