ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում տեղի ունեցող պրոցեսներն ընդամենը առաջին հայացքից են թելադրված հայաստանյան իրողություններով: Այնինչ, խորքային առումով այս օրերին կատարվող իրադարձությունների թիկունքում կանգնած են աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք փորձում են որոշակի վերադասավորումներ իրականացնել հայաստանյան ներքաղաքական դաշտում:
Վերջին շրջանում սկսել է բավական ակտիվանալ արեւմուտքը, որը փորձում է իր համար նոր բեւեռ ձեւավորել: Ի դեպ, Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններում արեւմուտքի դերակատարության մասին նախորդ շաբաթ առաջինը բարձրաձայնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Այս տարածքում սրընթաց կերպով ձեւավորվում է մի ադմինիստրացիա, որը լինելու է անգլո-ամերիկյան շահերի իրականացման, տնօրինության ադմինիստրացիա: Այդ տեսակետից խորքային իմաստով սա է ընթանում եւ ընթանում է բավականին հաջող»,-ասել էր նա:
Նրա այս հայտարարություններին զուգահեռ պարզ դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսից փորձում են տարանջատվել հենց արեւմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը հայտնի է արեւմտամետ կողմնորոշմամբ, ոչ միայն հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, այլեւ չի բացառել առաջիկայում ՀԱԿ կազմից դուրս գալը: Նրան հաջորդեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որն էլ ակնարկել է Կոնգրեսից դուրս գալու իր մտադրությունների մասին: Տպավորություն է, թե արեւմուտքը փորձում է կենտրոնացնել իր ուժերը, ընդ որում, դա անել նաեւ ի հաշիվ ՀԱԿ-ի:
Ներքաղաքական կուլիսներում շրջանառվում է տեսակետ, համաձայն որի՝ արեւմուտքն այս ամենն անում է հօգուտ իշխանությունների՝ դրա դիմաց Սերժ Սարգսյանից կորզելով ստորագրություն ԼՂ խնդրի լուծման պայմանագրի տակ: Ս. Սարգսյանն այս ընթացքում արել է հնարավորը՝ չեզոքացնելու համար իր ճանապարհին հնարավոր խոչընդոտները: Գլխավորը մշտապես եղել է երկրապահների դիմադրությունը: Ս.Սարգսյանին կարճ ժամանակում հաջողվեց ԵԿՄ-ից միայն անունը թողնել. ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձնելով գեներալ Մանվել Գրիգորյանին, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Սեյրան Սարոյանին՝ նա այսպիսով ազատել է իր ձեռքերը: Փոխարենը քաղաքական դաշտում նա դեռ խնդիրներ ունի ընդդիմադիր ուժերի հետ. հաշվի առնելով ՀՅԴ առաջնորդների հետ սերտ կապերը՝ Ս.Սարգսյանի ճանապարհին ավանդական կուսակցությունը միանգամայն հաղթահարելի խոչընդոտ է: Այսպիսով՝ շարունակում է անհաղթահարելի խոչընդոտ մնալ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսով:
Տարածված տեսակետի համաձայն՝ հիմա արեւմուտքը Ս.Սարգսյանի ստորագրությունը կորզելու համար պատրաստ է ամեն գնով աջակցել նրան, ընդհուպ մինչեւ նպաստել ՀԱԿ կազմաքանդմանը: Ի դեպ, այս գործընթացի առաջին փուլը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀՇ-ն, այդպես նաեւ ՀԱԿ-ը, լքեց այսօրվա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերնախավը: Այս հանգամանքն անուղղակի կերպով հաստատվեց նաեւ վիքիլիկսյան բացահայտումների ժամանակ, երբ պարզ դարձավ, որ արեւմուտքը, քաջատեղյակ լինելով ե՛ւ նախագահական ընտրություններում կատարված հանցագործություններին, ե՛ւ մարտի 1-ի իրադարձություններին, այդպես էլ որեւէ քայլ չարեց ռեժիմի դեմ՝ իր լուռ աջակցությունը հայտնելով նրան: Դեռ ավելին, նախորդ տարվա ամռանը ՀԱԿ-իշխանություն երկխոսության կնքամայրը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն էր: Իսկ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին ԱՄՆ ներկայիս դեսպանի պարբերաբար արած հայտարարությունները՝ հօգուտ իշխանությունների, ըստ էության գալիս են ապացուցելու ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Նկատենք, որ ԱԺ ընտրություններից եւ ՀՀԿ-ի՝ բացարձակ իշխանություն կազմելուց մեկ շաբաթ անց արդեն կրկին օրակարգում հայտնվեց ԼՂ խնդիրը: Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ կրկին այցելեցին տարածաշրջան, ընդ որում, այս անգամ եւս չեղան Ստեփանակերտում: Վաշինգտոնում տեղակայված «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Ուեյն Մերրին նախազգուշացրել է պատերազմի վերսկսման վտանգի մասին, ուստի, ըստ նրա, հարկավոր է արագորեն կարգավորել կոնֆլիկտը:
Երեկ էլ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովն էլ տեսակետ է հայտնել, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կարող է նպաստել ԼՂ հակամարտության հարցով երկխոսության շարունակմանը: «Առայժմ մեկ բան է հաստատ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ են Վլադիմիր Պուտինի միջնորդական առաքելությանը»,-ասել է նա: Այլ կերպ ասած՝ արեւմուտքը ձեռնամուխ է եղել ԼՂ խնդրի լուծմանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս