ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԿԻՍՈՒՄ
ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը Aravot.am-ին ասել է, որ  ինքը չի կիսում Կոնգրեսի արդեն նախկին անդամ Աշոտ Զաքարյանի մտահոգությունները` ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցության հետ կապված: Ըստ Մալխասյանի ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցել է միայն  մաքուր ընտրություններ անցկացնելու շուրջ: Ինչ վերաբերում է հետընտրական համագործակցությանը, ապա Մալխասյանը դժվարացել է կարծիք հայտնել. «Ես հիմա չգիտեմ՝  ինչ զարգացումներ կլինեն, կապրենք` կտեսնենք»:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն
hayeli.am տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀԿ  տնօրինության տակ գտնվող նախարարական պորտֆելների ղեկավարների էական փոփոխություններ չեն գրանցվի: Բացառությամբ մի քանի գերատեսչությունների ղեկավարների, մնացածները կշարունակեն պաշտոնավարել: Նոր նշանակումներ ամենայն հավանականությամբ սպասվում են ՀՀ մշակույթի եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարություններում: ՏԿ պորտֆելը կվերցվի ՕԵԿ-ից, եւ ամենայն հավանականությամբ նախարար կնշանակվի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Իր պաշտոնը կլքի նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ի դեպ, այս պորտֆելի վրա աչք ունի ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Արդեն հայտնի է նաեւ,  որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին հետ է վերադառնալու իր պաշտոնին:  

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Մոսկվայում ՀԱՊԿ առաջնորդները  հոբելյանական գագաթնաժողովին հռչակագիր են ընդունել, որում մտահոգություն են հայտնել Իրանի շուրջ լարվածության աճով, նաեւ լուրջ մտահոգություն Սիրիայում եւ դրա շուրջ իրավիճակի զարգացմամբ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո: Հանդիպման մասնակիցները որոշել են հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Մոսկվայում այս տարեվերջին:

ԿԻՍԱԹԹՈՒ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները գնահատել է  «ՀՀ քաղաքացու իրական կամքը չարձանագրած»: «Այս անգամ եւս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաեւ մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են, եւ դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս եւ մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական եւ ֆինանսական ողջ ներուժը»,-ասված է հայտարարությունում:




Լրահոս