ՎԻԿԻԼԻՔՍՅԱՆ ՆԵՐԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
«Վիկիլիքսի» հրապարակումներից մեկը, որում բերված է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի հաշվետվությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերին հետեւած զարգացումների մասին, ուշագրավ փաստեր է բացահայտում: Ըստ Փենինգտոնի՝ մարտի 1-ի դեպքերից մի քանի օր անց Հայաստան այցելած ԱՄՆ դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ զրույցում մարտի 1-ի դեպքերի համար ողջ պատասխանատվությունը ՀՀ այսօր արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցրել է իր վրա եւ ասել, որ եթե որեւէ մեղադրելու բան կա, ապա հենց իրեն պետք է մեղադրեն: Իսկ Սերժ Սարգսյանն ամերիկացի դիվանագետին ասել է, որ արտակարգ դրությունը, ցույցերի արգելումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դադարեցնի փողոցային պայքարն առնվազն մինչեւ իր երդմնակալությունը (ապրիլի 9): «Նման համաձայնության դեպքում Սերժ Սարգսյանը խոստացել է վերացնել լրատվական շրջափակումը, չեղյալ հայտարարել արտակարգ դրությունն ու բանակցել ընդդիմության հետ»,- պատմել է Փենինգտոնը: Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը չերկարեցվեց, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջին հանրահավաքը տեղի ունեցավ 2008-ի հունիսի 20-ին: Իսկ ավելի ուշ կամաց-կամաց փոխպայմանավորվածության հիման վրա ազատ արձակվեցին քաղբանտարկյալները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք հանրահավաքի հստակ սցենարը երեկ երեկոյան դրությամբ դեռ չէր հստակեցվել: Քննարկվում են մի քանի սցենարներ, որոնցով իրադարձությունները կարող են զարգանալ: Նույնիսկ չի բացառվում, որ կորոշվի նստացույց հայտարարել` իշխանություններին ժամանակ տալով: Նստացույցի սցենարի օգտին որոշման դժվարությունը կայանում է նրանում, որ եռյակի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվում, թե ում եւ ինչ պահանջ պետք է ներկայացվի: Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ նույնպես խոստովանել է, որ ոչ իշխանական եռյակը դեռեւս չունի մեկ միասնակական ճանապարհային քարտեզ: Նրա խոսքերով` ինքը, սակայն, լիահույս է, որ մինչեւ հանրահավաք իրենց բոլոր անհամաձայնությունները կհարթվեն հանուն ժողովրդի:
Անցած տարիներին Հայաստանից ժամանակավոր արտահանված 49 մշակութային արժեքները, որոնց «Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է, դեռեւս գտնվում են արտերկրում: Նշված մշակութային արժեքներից 47-ը արտահանվել են 2013 թվականին, մեկական` 2011-ին եւ 2008-ին: Նշենք, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել դեպքերը, երբ ժամանակավոր արտահանման անվան տակ, ասենք ռեստավրացիայի նպատակով, Հայաստանից արտահանվում են Ազգային պատկերասրահի թանկարժեք մշակութային արժեքները: Ըստ փորձագետների՝ ոչ ոք չի կարող բացառել, որ արտերկիր արտահանված մշակութային արժեքներն այլեւս Հայաստան չեն վերադառնում. փոխարենը ետ են բերվում դրանց կրկնօրինակները: Աշխարհում կան բարձրակարգ մասնագետներ, որոնք այնպիսի վարպետությամբ են կրկնօրինակում մշակութային արժեքները, որ միայն եզակի մասնագետներ ժամանակակից հատուկ սարքերի օգնությամբ կարող են փաստել դրանց օրիգինալ չլինելը:
Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ցանկանում են իրենց արտադրանքի գները հերթական անգամ բարձրացնել: Ոչ հրապարակային զրույցներում տնտեսվարողները պնդում են, որ իրենք արդեն սկսել են վնասով աշխատել: Կաթնամթերք արտադրողների խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հումքի գները նույնպես բարձրացել են: Երեկ «Ժողովուրդ»-ն այս խնդրի առնչությամբ զրուցեց կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց հստակ պատասխանել՝ թանկացում լինելո՞ւ է, թե ոչ: «Դեռ տեղյակ չենք: Դեռ հայտնի չէ»,- ասաց Ղուկաս Բունիաթյանը: Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կաթնամթերքի շուկայում այս տարվա սեպտեմբերին 2010 թվականի համեմատ գնաճը կազմում է 37 տոկոս:
ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՏՐՎԵԼ
Անդրադառնալով եռյակի իշխանափոխության ձգտումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստի շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե ցանկացած իշխանափոխություն վատ է երկրի համար:«Ինչո՞ւ եք նման վատ բաներ կամենում մեր երկրին. յուրաքանչյուր պետության համար իշխանափոխությունը լավ բան չէ: Դուք երիտասարդ եք, նման բաներին մի՛ տրվեք»:
Թե ինչու է քաղաքականությամբ զբաղվելու համար խելքն անհրաժեշտ պայման չհամարող վարչապետը ցանկացած իշխանափոխություն երկրի համար վատ համարում, թերեւս բացատրելու կարիք չկա: Սակայն իրենց բարեկեցությունն ու աթոռը երկրի հետ նույնացնող իշխանություններին` ի դեմս Հովիկ Աբրահամյանի, արժի հիշեցնել, որ ցանկացած նորմալ երկրի զարգացման հիմնական գրավականը հենց պարբերաբար իրականացվող իշխանափոխությունն է ընտրությունների միջոցով: Մինչդեռ Հայաստանում անցած քսաներեք տարիների ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ իշխանափոխություն ընտրությունների միջոցով: Իսկ 98-ի փետրվարի 3-ի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը «հայտնի ուժերի» կողմից իրականացված հեղաշրջման արդյունք էր:
Առհասարակ, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ անկախության քսաներեքամյա պատմության ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ ընդդիմությանը չի հաջողվել գալ իշխանության. կլինի դա հեղաշրջման թե սահմանադրական ճանապարհով: (Վրաստանում եւ անգամ Ադրբեջանում ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ եկել է իշխանության): Թե՛ 96-ին, թե՛ 2003-ին, թե՛ 2008-ին եւ թե՛ անգամ 2013-ին հայրենի ընդդիմությունը մշտապես հաղթել է ընտրություններում, սակայն այդպես էլ չի կարողացել հասնել իր իրական հաղթանակի պաշտոնական ճանաչմանը: Այ, սա է շատ վատ երկրի համար, քանզի գլոբալ իմաստով, 99-ի հոկտեմբերի 27-ից ի վեր Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել: Եվ ամենեւին էլ պետք չէ խաբվել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ իրական կամ իմիտատիվ հակասությունների գոյությամբ: Բավական է նայել ՀՀ կառավարության ներկայիս կազմը, որը մեծավ մասամբ բաղկացած է նույն Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի կարկառուն դեմքերից:
Վերադառնալով Հովիկ Աբրահամյանի պնդմանը, թե ցանկացած իշխանափոխություն վատ է երկրի համար, նկատենք, որ անգամ ցանկացած հեղաշրջում վատ չէ երկրի համար, վատ է դրա ընթացքում հնարավոր արյունահեղության ու ռեպրեսիաների հավանականությունը: Մյուս կողմից էլ, սակայն, հենց հեղաշրջումների արդյունքում են երկրների թե՛ քաղաքական, թե՛ մտավոր էլիտաները «ռեստարտ» լինում, որից հետո երկրները սկսում են ապրել այլ` առավել արդյունավետ ռիթմով:
Այնպես որ, ի հակառակ Հովիկ Աբրահամյանի հորդորի, ժողովրդի մեծ մասը` անկախ տարիքից, ուզում է տրվել իշխանափոխության գործընթացին: