ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Այսօրվա ոչ իշխանական ուժերի հանրահավաքը խոստանում է ավելի մարդաշատ լինել, քան նախորդը: ԲՀԿ-ականներն առավել մեծ ոգեւորությամբ են աշխատում այդ ուղղությամբ, քանի որ այսօրվա միջոցառման առանցքային դերակատարությունը վերապահված է ԲՀԿ-ին եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա, ինչպես խոստացել էր, պետք է ելույթ ունենա՝ ապացուցելու, որ այսօր ժողովրդի կողքին կանգնած է եւ ուրախ է դրա համար:

Նշենք, որ Ծառուկյանը Դուբայից «լավ հանգստացած», թարմ ուժերով վերադարձել է, եւ արդեն երկու օր էր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին իր մոտ էր կանչում՝ հանրահավաքի կազմակերպչական հարցերը քննարկելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ծառուկյանը յուրաքանչյուր պատգամավորի «վրա» մարդաքանակ ապահովելու խնդիր է դրել եւ հստակ պահանջել՝ ամեն գնով ներկայանալ հանրահավաքի: Երեկ արդեն լուրեր էին պտտվում, որ մի շարք ԲՀԿ-ականներ, ինչպես ընտրությունների ժամանակ, խոստացել են ավտոմեքենաներ տրամադրել քաղաքացիներին՝ Ազատության հրապարակ հասնելու համար: Նաեւ իրենց թիմի ներկայացուցիչներին հայտնել էին, որ անձամբ են ներկայանալու, որպեսզի «փախչողներ» չլինեն:
Տեղեկացնենք, որ Ծառուկյանը հանրահավաքի նախապատրաստական փուլում հանդիպել է նաեւ մի շարք երկրների դիվանագետների հետ. հավանաբար փորձում է այդպիսով ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը՝ հնարավոր արմատական գործողությունների դեպքում՝ հնարավոր սադրանքներից կամ անկարգություններից:
Իսկ ի՞նչ է սպասվում այսօրվա հանրահավաքի ժամանակ. փորձենք համադրել մեր ունեցած տեղեկությունները՝ ներկայացնելով մի քանի սցենարներ, որոնք քննարկվել են եռյակի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
Դրանցից մեկի համաձայն՝ այսօր կհայտարարվի, որ եռյակն ունի իշխանափոխության ճանապարհային քարտեզ, եւ ՀՀ քաղաքացիներից միայն պահանջվում է կատարել հնչող պատգամները եւ պարտաճանաչորեն մասնակցել հաջորդ հանրահավաքներին: Ասել է թե՝ ոչինչ չանելով տուն ուղարկել մարդկանց: Լավագույն դեպքում հնարավոր է ժամանակ տան իշխանություններին, օրինակ՝ մինչեւ գարուն կամ ավելի շուտ՝ ուղղվելու, երկխոսության խելամիտ առաջարկ ներկայացնելու համար:
Մեկ այլ սցենարի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը «չափի մեջ» պետք է քննադատի գործող իշխանությանը, բացատրի, թե ինչքան վատ են մարդիկ ապրում, եւ ինչքան սկզբունքային ու ժողովրդասեր է ինքը: Այսինքն՝ ճիշտ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դասախոսությունների նման, բայց ծառուկյանական ոճով: Եռյակը դժվարանում էր կողմնորոշվել, թե Ծառուկյանը կոնկրետ ինչ կոչ ու պահանջ պետք է հայտնի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կօգտագործի բավականին լայն հասկացողությամբ երկու տերմին՝ իշխանափոխություն, փոփոխություններ՝ առանց լրացուցիչ բացատրությունների:
Չի բացառվում նաեւ, որ հանրահավաքի մի քանի «ռոմանտիկ մասնակիցներ» վրաններով ներկայանան, դրանք ամրացնեն Ազատության հրապարակում, եւ հանրահավաքի կազմակերպիչները ստիպված լինեն ընդառաջել եւ հայտարարել նստացույց: Ի դեպ, նստացույց հայտարարելու պահանջների եւ հիմնավորման տարբերակները մանրամասն քննարկվել են եռյակում, քանի որ հասարակական ընկալման մեջ այսպիսի թեզ կա. «եթե մի բան պիտի լինի, թող նստեն, չգնան տուն»: Պարզապես անհասկանալի է, թե ինչ պահանջ պիտի ներկայացնի եռյակն այս դեպքում: Բանն այն է, որ այս խնդիրը եռյակում միասնական լուծում չէր ստացել դեռ երեկ:
Ի դեպ, եռյակը քննարկել է նաեւ խորհրդարանի նիստերը բոյկոտելու տարբերակը:
Բնականաբար, ելույթ կունենան, ավելի ճիշտ, ողջույնի խոսքով հանդես կգան նաեւ եռյակի մյուս անդամները՝ ղեկավարներով հանդեձ: Սակայն հանրահավաքի հիմնական ասելիքը կներկայացնի հենց Ծառուկյանը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԷԼ ՈՎ ԳԻՏԻ
ՀՀ ԱԺ-ի նիստը սկսելուց առաջ խորհրդարանում տեղի ունեցավ ՍԴ նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի երդման արարողությունը: Գյուլումյանը ՍԴ անդամ է նշանակվել Սերժ Սարգսյանի` դեռեւս օգոստոսի 2-ին ստորագրած հրամանագրով: Ալվինա Գյուլումյանը Եվրոդատարանի դատավորի պաշտոնում պետք է պաշտոնավարեր մինչեւ եկող տարվա ապրիլը: Բայց նա ցանկացել էր, որ ՍԴ-ում այս տարվա գարնանից թափուր դարձած երկու պաշտոններից մեկում հենց ինքը նշանակվի: ՍԴ անդամի պաշտոնը ցմահ է (մինչեւ 65 տարեկան), այսինքն՝ նրա կարիերայի առաջիկա 7 տարին այդպիսով ապահովված կլինի: Հասկանալի է, որ Գյուլումյանը դեռեւս գարնանը իմացել է, որ իրեն կնշանակեն ՍԴ անդամ: Բայց նա շարունակեց պաշտոնավարել ԵԴ դատավորի պաշտոնում, ընդհուպ մինչեւ իր նշանակման հրամանագրի ստորագրումը: Այսինքն՝ իրեն տրված խոստումներին, ՀՀ ղեկավարության ներկայացուցիչների հետ զրույցներին Գյուլումյանը չի հավատացել եւ առանց հրամանագրի նախօրոք չի ցանկացել հրաժարվել ԵԴ դատավորի պաշտոնից: Գյուլումյանը բոլորից լավ գիտի, թե ինչպես կարող են ՀՀ իշխանությունները մարդուն «քցել»: 1996-ից մինչեւ 2003-ը նա ՍԴ անդամի պաշտոնում աշխատել է Հայաստանի ներկա ղեկավարության հետ, որոնք այն ժամանակ այլ պաշտոններ էին զբաղեցնում: Կապ չունի, որ անցած տարիներին մարդկանց պաշտոնները փոխվել են, կարեւորը Գյուլումյանը շատ լավ գիտի, որ նրանք հոգով «քցողներ» են: Մինչեւ համապատասխան հրամանագիրը չի հրապարակվել, իր նշանակման խոստմանը նա չի հավատացել:

 

ԻՍԿ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ԷԻՔ
ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, որ Հայաստանում ոչ թե աշխատատեղի, այլ համապատասխան կադրերի բացակայության խնդիր կա, որպես կանոն հանրության շրջանում զայրույթ են առաջացնում: Ուստի ՀՀ իշխանությունները որոշել են իրենց ասածը կոնկրետ փաստերով հիմնավորել: ՀՀ կառավարության երեկվա նիստում զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ու նրա փոխարեն դեռ ոչ ոք չի նշանակվել: Այսպիսով՝ Հայաստանում արդեն միանգամից չորս թափուր պաշտոն կա՝ մեկական նախարարի, նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի, փոխվարչապետի եւ մարզպետի: Ի դեպ, ԱԽ քարտուղարի պաշտոնն արդեն հինգ ամսից ավել է, ինչ թափուր է, բայց համապատասխան թեկնածուին ՀՀ ղեկավարությունն այդպես էլ չի կարողանում գտնել:

 

ՎՃԻՌՆ ԱՅՍՕՐ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործով վճիռը: Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ն 2013թ. նոյեմբերի 21-ին դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն Էլեկտրաէներգիայի դիմաց սխալ հաշվարկի արդյունքում վճարված գումարները ձեւակերպի որպես գերավճար:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

«ԶԱԿԱԶ ՉԻ ԿԱՏԱՐԻ»
«Իշխանափոխություն մեկ օրվա ընթացքում՝ նշանակում է արյունահեղություն»,-անդրադառնալով երեք ոչ իշխանական ուժերի նախաձեռնած հանրահավաքներին ու իշխանափոխության ցանկությանը՝ Armlur.am-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ հավելել. «Գագիկ Ծառուկյանը երբեք տենց բան չի անի: Նա երբեք սխալ քայլեր չի անի: Իսկ մյուսները սխալ են արել եւ փորձելու են նորից արյունահեղության դրդել: Վստահ եմ, որ նա չի էլ լսի նրանց, մեծամասնություն ա էտ երեքի մեջ, ոնց ասի, պետք է անեն: Եթե չենթարկվեն իր օրենքներին, մեկ րոպեում կասի՝ բարի ճանապարհ»:

 

ՀՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ
Երեկ կառավարության շենքի դիմաց հավաքված հղի կանայք բողոքել են չաշխատող հղի կանանց աշխատողների հաշվին նպաստներ տրամադրելու մասին օրենքի դեմ: Բողոքող կանանցից մեկը պատմել է, որ օրենքի համահեղինակներից Սմբատ Սաիրյանն իրենց ասել է. «Իսկ կառավարությունն ինչ միջոցներով պետք է կարողանա հղի կանանց ապահովել»: «Ուրեմն՝ «հրաշք» նախագծի այս համահեղինակը մեզ այսպիսի հարց է տալիս՝ առանց մտածելու, որ դա նվաստացուցիչ է պետական պաշտոնյայի համար, քանի որ նա բնական է համարում այն հանգամանքը, որ կարելի է Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձն անհավանական չափով բարձրացնել, իսկ կարիքավոր կանանց աշխատավարձերը տալ չաշխատողներին»,-բողոքել են հղիները: Նրանք ընդգծել են, որ իրենք դեմ չեն, որ չաշխատող կանայք փող ստանան, բայց ոչ՝ իրենց հաշվին:

 

ԱՅՑԵԼԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդեսին: Նա շրջել է հայկական եւ ռուսական ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրանքների տեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ հնարավոր համագործակցության եւ ընկերությունների զարգացման ծրագրերի մասին:

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՐՏ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ կառավարության նիստի ավարտին հայտարարել է, թե հոկտեմբերի 26-ից Հայաստան է ներթափանցելու սիբիրյան ցիկլոնը, որի պատճառով մի քանի մարզերում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը կիջնի 20 աստիճանով: Նա նշել է, թե հանձնարարել է եղանակային փոփոխությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

 

ԵՎՍ ՄԵԿ ՍԱՏԱՐՈՂ
Տիգրան Մեծ աշխարհազորայինների գունդը, որը ներկայումս հասարակական կազմակերպություն է, երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ իր զորակցությունն է հայտնել ոչ իշխանական ուժերին՝ շեշտելով, որ ամեն կերպ սատարելու է եռյակի շարժմանը: Հիշեցնենք, որ այս կազմակերպության ղեկավարը վաղամեռիկ Սմբատ Այվազյանն էր:

 

ԻՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
Երեկ, երբ ՀՀԿ գլխավոր գրասենյակի դիմաց Բուզանդ, Եկմալյան փողոցի բողոքող բնակիչներին մոտեցած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է նրանց ընդունել շաբաթ օրը, բնակիչներն ասել են. «Թող մեզ ընդունի Ալեքսանդր Ղազարյանը»: Սակայն պարզվել է՝ Աբրահամյանը տեղյակ չի եղել, թե ով է իր իսկ ղեկավարած հիմնարկում պաշտոնավարող սույն անձը. «Ալեքսանդր Ղազարյանն ո՞վ է», -տարակուսել է վարչապետը:

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ երեկվա նիստում թափուր մնացած պաշտոններում նշանակումների հարցեր չեն քննարկվել: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ թափուր են ԱԱԽՔ, փոխվարչապետի, ՏԿ նախարարի եւ Վայոց ձորի մարզպետի պաշտոնները:

 




Լրահոս