ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ armlur.am կայքից
Երեկ Երեւանի Կիեւյան կամրջի մոտ ոստիկանները եւս մեկ ինքնասպանության փորձ են կանխել: Երեւանի բնակիչ 40-ամյա Սամվել Թովմասյանը փորձում էր իրեն կամրջից ցած նետել: Նա կարել էր իր բերանը, որպեսզի չբղավեր: Սակայն ոստիկանների միջամտությունից հետո Թովմասյանը քանդեց իր բերանի կարերը՝ այս անգամ էլ բերանի մեջ ածելի տեղադրելով: Բարեբախտաբար, հաջողվեց Սամվել Թովմասյանին գրեթե անվնաս տեղափոխել «Արաբկիր» ԲԿ:
ՀԱՐՑ. Ունեմ երեք զավակ: Երկու տղաներս ծառայում են հայոց բանակում, երրորդ որդիս իմ խնամակալն է: Ունի առողջական խնդիրներ: Կցանկանայի տեղեկանալ` արդյոք հնարավո՞ր է պետպատվերի շրջանակներում իրականացնել որդուս բուժումը:
Մարգարիտա Սաղաթելյան, 63 տարեկան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում անվճար որակյալ բժշկական օգնություն կարող են ստանալ նաեւ զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ՝ նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ՝ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ քհծ 2-րդ դասի պետական խորհրդական՝ Ս.ՍԵԴՐԱԿՅԱՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տվյալ դեպքում զինծառայողի ընտանիքի անդամները կարող են օգտվել օրենքով սահմանված անվճար բժշկական օգնությունից, սակայն, ինչպես միշտ, այս դեպքում նույնպես պետությունը սահմանափակումներ է դնում: Ավելացնենք նաեւ, որ եթե զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան օրենքի ուժով ինքնաբերաբար կորցնում է ՀՀ քաղաքացիությունը:
Անահիտ Մանվելյան (35 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաները, ում ծնողների կամ ծնողի ՀՀ քաղաքացիությունը օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, անկախ երեխայի տարիքից ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր: Ծնողների՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելն ինքնին հիմք չէ երեխայի ՀՀ քաղաքացիությունը դադարեցվելու համար: «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առկայության դեպքում, եթե չունի պետության հանդեպ չկատարված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտավորություններ: Անկախ երեխայի տարիքից եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված զինապարտության պարտականություն ունենալու կամ դրա բացակայության հանգամանքից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր՝ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, որը հիմնավորում է հետեւյալով. «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը ՀՀ քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիության դադարեցման հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխայի քաղաքացիության դադարեցման մասին որոշումը կայացվում է ՀՀ նախագահի հրամանով, իսկ 14-18 տարեկան երեխան, եթե չունի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտավորություններ, ապա` իր դիմումի համաձայն: