ՈՐԴՈՒՍ ՄԵՆԱԿ ՉԵՄ ԹՈՂՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է 2009-ի հունիսի 3-ին հայոց բանակ զորակոչված Սուրեն Կիրակոսյանի հացադուլի 41-րդ օրը:  Նա գտնվում է ծանր վիճակում եւ շարունակում է պահանջել բուժզննում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզային գրասենյակի աշխատակիցները մոտ օրերս տեսակցել են Սուրենին, զրուցել նրա հետ եւ ծանոթացել պահանջներին: ՄԻՊ-ի երեւանյան գրասենյակից մեզ տեղեկացրին, որ այդ հարցով քայլեր են ձեռնարկվում, եւ իրենք դիմելու են համապատասխան մարմիններին:   
Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանը դասալքության մեղադրանքով գտնվում է Գորիսի ՔԿՀ-ում: Նրան մեղադրանք է առաջադրվել 361-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ դատական նիստը կկայանա մայիսի 17-ին: Նա զորակոչվել է աճուկային սնկախտ կոչվող հիվանդությամբ, որը բանակի հետ անհամատեղելի է: Բանակում նա միայն ոչ շարային ծառայություն պետք է անցներ, բայց ծառայել է լիարժեք, որի հետեւանքով հիվանդություններն ավելի են զարգացել: Սուրենը նաեւ ուսագոտու հատվածում խալ է ունեցել, ինչը ուսապարկ կամ զենք կրելու հետեւանքով ճաք է տվել: Բժիշկներն առաջարկել են 30-40 րոպե տեւողությամբ վիրահատություն, սակայն զինվորը հրաժարվել է՝ վախենալով հետեւանքներից: Նա հիմա էլ չի հրաժարվում ծառայելուց, ուղղակի խնդրում է նախ բուժել իրեն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Սուրենի մոր` Զվարթ Կիրակոսյանի հետ ու տեղեկացավ, որ որդին հիմա շատ ծանր վիճակում է. «Չեմ կարծում, որ դատական նիստին ի վիճակի կլինի ներկա գտնվել»:
Հիմա Սուրենի ընտանիքի մյուս անդամները՝ հայրը եւ երկու եղբայրները, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ավագ եղբայրը՝ Գոռը, աշխատում է այնտեղ, իսկ Սմբատը բժշկություն է ուսումնասիրում: «Ես Սուրենիս մենակ չեմ թողնի այստեղ: Հատուկ նրա համար եմ ռուսաստաններում թողել ընտանիքս, եկել այստեղ: Իհարկե, ես սիրում եմ Հայաստանը, բայց էս երկիրն ինձ հեչ չի սիրում»,-ասաց տիկին Զվարթը:
Սուրենը 6 տարեկանից զբաղվել է բռնցքամարտով: Սակայն հերթական մրցումների ժամանակ գլխին հարված է ստացել, որից հետո 5 ժամ «քնել» է: Բժիշկներն արգելել են նրան բռնցքամարտով զբաղվել՝ կասկածելով, որ Սուրենը հեմոտոմիա ունի: «Բայց Սուրենը, անտեսելով դա, համառորեն պնդեց, որ պետք է ծառայի»,-հառաչելով պատմեց զինվորի մայրը, որն այսօր չի կարողանում բուժել հարազատ որդու հիվանդությունները. հայոց բանակի ղեկավարությունն արգելում է:
Նշենք, որ Սուրեն Կիրակոսյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ: Այն ավարտելուց հետո՝ 2009-ին, զորակոչվել է բանակ: «Ներողամիտ, հաշտարար մարդ է: Ամեն տեսակի մարդու հետ լեզու գտնում է: Ես երբեք չեմ հասկանա, թե ինչու բանակում նրա հետ նման կերպ վարվեցին: Սիրում է անընդհատ բարձր երաժշտություն լսել, շատ պարզ անձնավորություն է, կոնֆլիկտային մարդ չէ»,-մայրը տխրությամբ նկարագրեց որդուն՝ տեղեկացնելով, որ Սուրենը մինչեւ զորակոչը ամուսնացած է եղել: Վեց տարի սիրել է մի աղջկա, որից հետո ամուսնացել, սակայն… «Բանակում նրա հետ կատարվածից հետո կինը հեռացավ նրանից: Նրանք 9 ամիս համատեղ ապրելուց հետո բաժանվեցին: Չգիտեմ, թե ինչու այդպես ստացվեց: Հետո հետաքրքրվեցի, որ աղջիկը չի ամուսնացել»,-ափսոսանքով նկատեց տիկին Զվարթը՝ երազելով, որ այդքանով հարաբերությունների վերջը չի լինի: «Հուսով եմ, որ մի օր այս ամենը կվերջանա, ու մենք մյուս երջանիկ ընտանիքների նման կապրենք»,-թացացած աչքերով ասաց նա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս