ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, ԵՐԹ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Երեկ կայացավ ոչ իշխանական երեք ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» երկար սպասված երկրորդ համապետական հանրահավաքը: Ամբիոնում հանդիսավոր կանգնած էին երեք ուժերի առաջնորդներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդն ամբիոնին մոտեցավ մեն-մենակ` առանց ուղեկցորդների եւ որեւէ հանդիսավորության: Նրան դիմավորելիս ծափողջյուններ եղան, սակայն ոչ այնքան շատ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մինչ ամբիոն բարձրանալը, ծափողջյուններով դիմավորեցին միայն նրա սակավաթիվ թիմակիցները: Ամեն ինչ այլ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում: Նրան դիմավորեցին վանկարկումներով, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ:
Այս անգամվա հանրահավաքը նախորդ` հոկտեմբերի 10-ին տեղի ունեցածից տարբերվում էր նաեւ բեմահարթակում կանգնած գործիչների դեմքերով: Այս անգամ եւս հարթակում գերիշխողը ԲՀԿ-ն էր. Գ. Ծառուկյանի թիմակիցներն ավելի շատ էին: Չնայած ակնհայտ էր, որ ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների թիմակիցներից շատերն Ազատության հրապարակ էին եկել իրենց «գալչկան» ստանալու համար եւ նույնիսկ հանրահավաքի կեսից հեռացան: Հանրահավաքին ներկա էին Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, ԲՀԿ առաջնորդի խնամի-պատգամավոր Մուրադ Գուլոյանը, Հրանտ Դավթյանը, Մելիք Մանուկյանը, Ռուստամ Գասպարյանը, Արշակ Մխիթարյանը` Բրիլիանտի Արշակը, եւ կուսակցության այլ ներկայացուցիչներ, ովքեր հարկ էին համարել իջնել իրենց թանկարժեք մեքենաներից ու Գ. Ծառուկյանի աչքին երեւալու համար գալ Ազատության հրապարակ:
Անշուշտ, Ազատության հրապարակը մարդաշատ էր: Կարելի է ասել, որ մասնակիցների քանակը գրեթե նույնն էր, ինչ հոկտեմբերի 10-ին: Սակայն, դարձյալ չկար էներգիա: Միայն բեմահարթակին մոտ կանգնած մարդիկ էին պայքարի պատրաստ, ովքեր, դատելով ծանոթ դեմքերից, ՀԱԿ-ի հավատարիմներն էին: Ասել է թե՝ հանրահավաքին կրիտիկական զանգված չկար:
Նշենք, որ երեկ Երեւան մտնող ճանապարհները փակ չեն եղել, եւ հանրահավաքին մասնակցել ցանկացողներն ազատորեն կարողացել են գալ Ազատության հրապարակ: Ավելին՝ նրանց բերում էին անվճար ավտոբուսներով, տաքսիներով, իսկ ԲՀԿ առաջնորդն էլ իրեն պատկանող «Արարատցեմենտ» աշխատակիցներին հրահանգել էր ներկա գտնվել հանրահավաքին՝ խոստանալով դրա փոխարեն պարգեւավճար տալ: Ընդգծենք, որ Ազատության հրապարակում սակավաթիվ էին նաեւ տարածքը հսկող ոստիկանները, իսկ սա նաեւ այն բացառիկ դեպքերից էր, երբ Երեւանի քաղաքապետարանն ազատորեն թույլատրել էր հանրահավաքն ու նախօրոք իրազեկել այդ մասին: Երեկ, ի դեպ, քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ԲՀԿ-ն ամենշաբաթյա հանրահավաքային «թույլտվություն» է վերցրել:
Հանրահավաքին այս անգամ մասնակցում էր նաեւ Վարդան Օսկանյանը, ով հայտարարեց, թե այս համակարգը ջարդել ու քանդել հնարավոր է միայն իշխանափոխության ճանապարհով: Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը կրկնում էր նախկին սխալները: Նա հայտարարեց, թե այստեղ հավաքվել է երկրի բնակիչների լավագույն մասը: Ստացվում է` Կոնգրեսը վերադարձել է իր հին կարգախոսին եւ հանրահավաքին չմասնակցած անձանց ստորադաս է համարում: Հիշեցնենք՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի շարժման օրերին Արարատում հայտարարեց, թե. «Ով մեզ հետ չէ, նա պղծում է Վազգեն Սարգսյանի գերեզմանը», իսկ Երեւանում՝ «Ով մեզ հետ չէ, նա տականք է»: Հենց այս հայտարարությունն էլ հիասթափության մեծ ալիք բարձրացրեց:
Ուշագրավ էր նաեւ, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ակնհայտ կերպով ցույց տվեց, որ տարաձայնություններ ունի «Ժառանգություն» կուսակցության եւ նրա առաջնորդի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին արձանագրեց այդ փաստը:
Գլխավոր դերակատարը երեկ, ինչպես տեղեկացրել էինք, Գագիկ Ծառուկյանն էր. ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Գ.Ծառուկյանին ներկայացնելիս այնպիսի մեծ ոգեւորությամբ եւ խանդավառությամբ կոչ արեց ծափողջյուններով դիմավորել նրան՝ ամբիոնին մոտենալիս, կարծես հոլիվուդյան աստղ լիներ: Եւ վերջապես հնչեց նրա առանցքային, կառուցողական ելույթը: Նա հայտարարեց, թե պետք է ռացիոնալ քննարկումների դաշտում լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, ապա հավելեց. «Եթե իշխանությունը շարունակի անտեսել պահանջները, ապա մենք, առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում եւ հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերթ ընտրություններ»:
Հանրահավաքից հետո տեղի ունեցավ ավանդական երթը, որը մեկնարկից քիչ անց նոսրացավ: Նշենք, որ ի սկզբանե որոշված էր Ազատության հրապարակում վրաններ տեղադրել եւ նստացույց հայտարարել, սակայն կարծես թե վերջին պահին ծրագրերը փոխվեցին: Այս անգամ էլ ժողովուրդն ականատես չեղավ հստակ քայլերի, հաջորդ հանրահավաքի մասին լրացուցիչ կասվի, իսկ այժմ միայն՝ խոստումներ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՆԵՐԿՐՎԻ՞, ԹԵ՞ ՈՉ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի ընկերություններ ձու ներկրելու հայտ են ներկայացրել: Սակայն ՍԱՊԾ-ը դեռ հստակ պատասխան չի տվել հայտերը ներկայացրած ընկերություններին: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հայաստանյան ձու արտադրողներն անհանգստացած են, որովհետեւ տեղեկություններ կան, որ առաջիկայում ձու կներկրվի Հայաստան:
ԿԵՐԵԼ ԵՆ ՓՈՂԵՐԸ
ՀՀ վերահսկիչ պալատն իր՝ 2013 թվականի տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկին, որի կողմից իրականացվող ծրագրերում բացահայտվել են կոռուպցիոն ռիսկեր: Նշենք, որ թեեւ ծրագրի նպատակն է եղել 31 մլն դոլարով բարելավել գյուղական անապահով համայնքների բնակիչների կենսամակարդակը եւ ապահովել տնտեսական աճ, սակայն ծրագիրը խախտումներով է իրագործվել: Այսպիսով՝ ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 28 համայնքների ենթակառուցվածքներում ներդրումների, հիմնականում` գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար ԾԻԳ-ը պայմանագրեր է կնքել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆրանսիական «ՍԱԴԵ» ԲԲԸ-ի, ռուսական «Բլեսկ» ՍՊԸ-ի եւ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի հետ, համապատասխանաբար` 4.9 մլրդ դրամ եւ 803.4 մլն դրամ արժեքով: ՎՊ-ի կողմից գազաֆիկացման աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգվել են 7 համայնքում կատարված աշխատանքները: Խոզնավար, Խնածախ, Վաղատուր եւ Արտանիշ համայնքների գազաֆիկացման համար 613 մլն 300 հազար դրամ գումարով աշխատանքների ավարտից հետո էլ նշված համայնքները չեն կարող գազաֆիկացվել, քանի որ մայր գազատարները քայքայված են եւ չեն շահագործվել: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչ օրս չի ընդունել այդ գազատարները:
ՀՐԱՀԱՆԳՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ օրերս տեղի ունեցած մարզխորհրդի նիստում մարզի բոլոր գյուղապետերին` հայ եւ եզդի, հրահանգվել է 50 հազարական դրամ հավաքել՝ Իրաքի եզդիներին օգնելու համար: Սակայն եզդի գյուղապետերը մտածել են, որ 50 հազար դրամ հավաքելով՝ օգնությունը քիչ կլինի: Նրանք որոշել են համայնքի բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարել եւ Իրաքի եզդիներին օգնելու համար հատկացնել ոչ թե 50 հազար դրամ, այլ 150-200 հազար դրամ: Գյուղը կտուժի՞, թե՞ ոչ այս դրամահավաքից, հարցին ի պատասխան՝ Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանը պատասխանեց. «Մարզպետը թույլատրել է: 150-200 հազարով այդքան էլ չի տուժի»: Ի դեպ, մի քանի օր առաջ երկու մեծ բեռնատար օգնություն է տեղափոխվել Թուրքիա, հետո՝ Իրաք: Այդ բեռնատարներով նրանք ծանր վիճակում հայտնված եզդիներին ուղարկել են 60 անկողնու պարագաներ, ձեթ, բրինձ, ալյուր, շաքարավազ եւ այլն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԻՄԱ ԼԱ՞Վ Է, ԹԵ ՎԱՏ
Երեկ ԱԺ բրիֆինգների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության իր առաջադրած սահմանադրական փոփոխություններով: Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ցանկացած իշխանափոխություն շատ վատ է երկրի համար: Եվ հիմա՝ Բաղդասարյանի այս հայտարարությունից հետո, ստացվում է, որ ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել մի բանի, ինչը վարչապետի բնորոշմամբ` «շատ վատ է երկրի համար»:
ՆԱԽԱՐԱՐԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԿԿԱՆՉԵՆ
Իտալահայ բիզնեսմեն եւ կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակած 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով երեկվա դատական նիստն, ըստ Yerkir.am-ի, հետաձգվել է ամբաստանյալի պաշտպան` փաստաբան Հունան Բաբայանի բացակայության պատճառով: Նախորդ նիստում ամբաստանյալը հայտնել էր, որ տուժող Հակոբ Գրիգորյանից միայն 10 հազար, 3 հազար դոլար է վերցրել եւ հենց ինքն էլ ստորագրել է այդ երկու ստացականները, սակայն ոչ՝ գործում առկա մյուս երկու ստացականները, որոնք վերաբերում են 25 հազար եւ 47 հազար դոլար վերցնելուն: Վերջին երկուսում առկա ստորագրությունները, ըստ մեղադրյալի, շատ նման են իր ստորագրությանը, սակայն իր կողմից չեն արվել: Ի թիվս այլ վկաների, առաջիկայում կարող է դատարան կանչվել նաեւ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱՐԳԵՆՏԻՆԱ
NEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ, արտաքին գործերի նախարարի խորհրդական Ալեքսան Հարությունյանը առաջիկայում նշանակվելու է Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Իսկ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հետ է կանչվելու: Նրա ճակատագիրն առայժմ անորոշ է:
ԱՅՑԵԼԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Նա շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ ստեղծված հնարավորություններին:
ԱՆՈՐԱԿ ԿԱՐԱԳ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի՝ 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշումով կասեցվել է «Միլկաթ» ՍՊԸ-ի 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» եւ 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը: ՍԱՊԾ հաղորդմամբ` «Միլկաթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերը նշված արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ մինչեւ 2014 թ. նոյեմբերի 11-ը վերացնել հայտնաբերված խախտումները: