«Ամենակռուտոյ պաշտոնյաները ոչ պռիստիժնի տեղեր չեն գալիս». Նիկոլ Փաշինյանը լքեց դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք տարի մասնակցում եմ պետական բյուջեի քննարկումներին և երեք տարի այս դահլիճում չեմ տեսել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Պետական բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Կարծես կա պաշտոնյաների դեդավշինա: Կներեք արտահայտությանս համար,  ամենակռուտոյ պաշտոնյաները չեն գալիս այսպիսի ոչ պռիստիժնի տեղեր, կամ գուցե, նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կամ գիտական կոչում ունեն, նրանց հարմար չէ՞ գալ», – նշեց նա:

Փաշինյանը ընդգծեց, թե միշտ ասել են, որ  նրանք կարևոր գործ ունեն:

«Այսինքն՝ մենք այստեղ հավաքվել ենք ո՞չ կարևոր գործերի համար:  Ես այս ֆորմատով համաձայն չեմ մասնակցել քննարկմանը:  Ես էլ շատ կարևոր գործեր ունեմ: Իսկ եթե Տարոն Մարգարյանը կամ Սուրիկ Խաչատրյանը ներկայանան այս քննարկմանը, ինձ տեղյակ պահեք, ես իմ կարևոր գործերը կթողեմ և կգամ քննարկմանը մասնակցելու», – հայտարարեց նա:

Ի պատասխան նիստը համակարգող Գագիկ Մինասյանը նշեց, թե համապատասխան անձինք կնշեն այդ պաշտոնյաների չգալու պատճառները և Ն. Փաշինյանին հորդորեց խոսել նորմալ բառապաշարով: Նիկոլ Փաշինյանը որոշեց չմնալ քննարկմանը և Գ. Մինասյանի խոսքերից հետո հեռացավ դահլիճից:




Լրահոս