ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷԼ Է ԵՂԵԼ
Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր եղբայրներ, շնորհակալ եմ, որ այստեղ եք: Տասնյակ հազարավոր մարդիկ այստեղ են, հարյուր հազարավոր մարդիկ հեռուստացույցով դիտում են: Ես գիտեմ ձեր դարդն ու ցավը: Ես ձեզանից մեկն եմ: Իմ ձեռքը պուլսի վրա է: Ես խոսում եմ ի սրտե: Դուք գիտեք, որ 2009-ից հետո, երբ համաշխարհային ճգնաժամը սկսվեց, Ծառուկյանն ասում էր, որ պետք է մարդկանց օգնել, աջացել, պայման ստեղել, որ մարդիկ կարողանան ապրել, ասում էին՝ նա չգիտի: Բայց այսօր հայտնի է, որ 15.000 կրպակներ, ձեռնարկություններ փակվեցին:
Այսօր մարդկանց 90-95 տոկոսը բանկի տոկոսների տակ է: Հարցը ոչ թե խոսքով, այլ գործով լուծվի: Մարդը, որի երեխան մրսում է, գազ չի վառում, թուղթ է վառում: Ամոթ է, որ մարդը սպասում է, որ գնա մեկ օրվա հին հաց գնի: Հիմնական իմ տեսակետն ու մոտեցումը սա է:
Ծառուկյանին ոչ մի դժվարությամբ չեն կարող վախեցնել. Ծառուկյանն ամեն ինչ տեսել է՝ դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել: Ծառուկյանը մինչեւ վերջ իր գործն առաջ է տարել:
Սիրելի՛ ժողովուրդ, ես այսօր այստեղ եմ: Ճիշտ է՝ 8-10 տարի ասում են՝ Ծառուկյանը չի գնա, չի անի: Ծառուկյանի ինչին է պետք… Այո՛, Ծառուկյանի ինչին է պետք գլուխը անցավ ցավի տակ դնի: Բայց պիտի լինի մեկը, որ ազգի մասին մտածի: Պետք է ազգովի լավ լինել, չի կարող մեկը լավ լինել: Չի կարող մեկն ասի, որ ինչ որ խոսք եմ տվել, չեմ արել: Ես ինչ խոսք տվել եմ, ժամանակից շուտ արել եմ: Հանուն ժողովրդի, հարգանքի, վստահության: Կան մարդիկ 8 տարի տարածում են, թե Ծառուկյանը չի գնա, հեսա կասի, վաղը կասի, 10 օր հետո կասի: Բայց Ծառուկյանը ինչ ասել է, մինչեւ վերջ կպահի իր խոսքը՝ հանուն հավատի, որ պահում եւ պահպանում է:
Այսօր հաղթանակը մերն է, ձերն է: Ժողովուրդն է որոշողը: Իհարկե, կա մասսա, որ մեր կողքին չի, կգա, որովհետեւ հարցը ոչ թե Ծառուկյանին է, Րաֆի Հովհաննիսյանինը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանինը, այլ ազգինը: Մարդը այսօր մտածում է՝ ոնց վարկը փակի, ոնց պարտքը տա, տուգանքները վճարի…
Մենք այսօր ձեր կողքին ենք՝ հիմնական խնդիրները կարգավորելու, պայման, հնարավորություն ստեղծելու, միասնական լինելու: Երբ որ դուք միասնական եղաք, իրար կողք եղաք, ամեն հարց էլ կլուծվի:
Ամսի 10-ին դուք այստեղ էիք, սահմանադրական փոփոխությունների հարցը լուծվեց, երբ մանր ու միջին գործարարները հավաքվեցին, հարց բարձրացրեցին, հարցը լուծվեց, իսկ ազգովի կանգնելու դեպքում ժողովրդի թելադրանքն իրականություն է դառնալու: Ոչ ոքի չի հաջողվի կպնել ժողովրդին: Մենք անելու ենք այն, ինչ օրենքի սահմանում է, մարդու իրավունքների մեջ: Եռյակի ընդհանուր որոշմամբ այնպես պետք է գործենք, որ անհատական գործողություններ չլինեն: Շտապելը լավ բանի չի բերի: Պետք է լուծենք այն խնդիրները, որոնք կան երկրում: Ես ուզում եմ ասել, որ ձեր կողքին կանգնած եմ մինչեւ վերջ, մինչեւ բոլոր խնդիրների լուծումը:
Հիմա ուզում եմ մի քանի դրույթներ կարդալ ձեր համար.
Սիրելի՛ հայրենակիցներ:
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետեւանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ եւ արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:
Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն: Ակնհայտ են անհաջողությունները նաեւ արտաքին քաղաքական ոլորտում:
Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման եւ առողջացման որեւէ խելամիտ եւ հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի՛ է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի եւ շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով:
Դուք համաձա՞յն եք իշխանության նման քայլերի հետ:
Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստա՛կ արտահայտի: Մենք` երեք քաղաքական ուժերս, գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք:
Ես՝ որպես ԲՀԿ նախագահ, վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը:
Հայաստանը զարգացման եւ վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:
Սիրելի՛ հայրենակիցներ:
Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած:
Մեր հստակ դիրքորոշումը հետեւյալն է` մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը եւ իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք անում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը եւ ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը:
Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարեւոր է մեծացնել համաժողովրդական համախմբման ծավալը: Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում. սա բոլորի՛ս գործն է:
Լուրջ անելիք ունի նաեւ սփյուռքը: Պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի քաղաքական եւ տնտեսական հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում: Ես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին եւ հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի՛ ձեր կարիքը: Միասի՛ն ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմներ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:
Հաջողության համար չափազանց կարեւոր է նաեւ ներքին մթնոլորտը:
Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել. Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք:
Եվ երկրորդ` անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված եւ աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որեւէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի եւ անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը:
Սիրելի՛ հայրենակիցներ:
Որեւէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ հոկտեմբերի տասից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:
Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, եւ որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու:
Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարեւոր որոշման մասին:
Այսօրվանից սկսած մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձեւավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դրանք դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական եւ քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարեւորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը:
Մենք պարտավոր ենք այս նոր ձեւավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային եւ կազմակերպչական լուծումներ:
Սիրելի՛ հայրենակիցներ:
Մենք շատ ժամանակ չունենք:
Անհրաժեշտ են այս խոր, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր:
Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից եւ համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի եւ ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:
Իսկ մինչ այդ, հաշվի առնելով ժողովրդի օրհասական վիճակը եւ գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջը` ռացիոնալ քննարկումների դաշտում, հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները:
Սա՛ է այս իրավիճակից դուրս գալու գրագետ , օպտիմալ ճանապարհը:
Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով եւ առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում եւ հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերթ ընտրություններ:
Մեր գործն արդար է. Աստված մեզ բոլորիս պահապան: