ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԵԿՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին՝ ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով:

Առաջին՝ նոր համաժողովրդական շարժման առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի։ Ուստի կոչ եմ անում ամենեւին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային (մարգինալ) ուժերի կողմից հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հետեւած հիստերիկ արձագանքին։
Նման հակազդեցությունը միանգամայն բնական է եւ բացատրվում է չափազանց պարզ մի պատճառով… Իրենց ընդդիմություն համարող որոշ լուսանցքային ուժեր, սարսափած համաժողովրդական շարժման հզոր ալիքից եւ հաղթանակի հասնելու նրա հեռանկարից, կատաղի պայքար են սանձազերծել վերջինիս դեմ` նախընտրելով, որ սարգսյանական ավազակախումբը 100 տարի էլ իշխի Հայաստանում, անխնա թալանի սեփական ժողովրդին ու հիմնահատակ կործանի երկիրը, միայն թե իշխանափոխությունը չկատարվի ուրիշների ձեռքով։ Նրանց կարծիքով՝ Հայաստանում նախ պետք է ընդդիմափոխություն տեղի ունենա, եւ հետո միայն իշխանափոխություն՝ ջհանդամը թե արանքում երկրից բան չի մնա։
Լուսանցքային ուժերի պարագայում առկա է նաեւ ֆրուստրացիայի (վհատության, հուսախաբության) մեջ ընկնելու մի այլ ծանրակշիռ պատճառ. երեք տարի շարունակ պնդելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ, եւ որ Բարգավաճ Հայաստանը ոչ մի պարագայում ընդդիմություն չի դառնա, այսօր նրանք հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առջեւ։ Ուստի պարզ չէ, թե սրանից հետո նրանք ինչպե՞ս են զբաղվելու քաղաքականությամբ, եւ այսուհետեւ ո՞վ է հավատալու նրանց մյուս կանխատեսումներին…
Փակելով մարգինալների թեման՝ ես խոստանում եմ այլեւս երբեք չանդրադառնալ դրան՝ նույն բանն ակնկալելով նաեւ իմ գործընկերներից։ Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք։
Երկրորդ՝ … Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը, որ ես դեռ ամիսներ առաջ անշրջելի էի համարել, Մինսկում կնքված պայմանագրի ուժով արդեն կատարված փաստ կամ կայացած իրողություն է, ինչը, իմ կանխատեսման հաստատումը լինելուց բացի, նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում։ Հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս ուշացած, անիմաստ եւ վնասակար է։ Իրականության զգացողությունը չկորցրած մարդու համար եթե ոչ այլ բան, ապա միայն Ուկրաինային վիճակված ողբերգական կացությունը բավական է դրանում համոզվելու համար։ …Հայաստանին Ուկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից։ Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արեւմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը, մինչդեռ մեզ մոտ մի բուռ մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել իրականության հետ եւ փորձում են մեր երկրում արհեստականորեն հակառուսական տրամադրություններ հրահրել՝ առանց մտածելու դրա հետեւանքների մասին եւ առանց հասկանալու, որ Հայաստանում այդպիսի տրամադրությունների հող չկա։
Հիմա, ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության եւ անխուսափելի զարգացումների հետեւանքով հայտնվել է Եվրասիական միությունում, դրա համար սո՞ւգ հայտարարենք, ողբա՞նք, լա՞ց լինենք, անդադար նվնվոցներով թեւաթա՞փ անենք եւ վերջնականապես վհատեցնե՞նք ժողովրդին, թե՞ հակառակը, թեւներս քշտենք եւ, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը։ Հայաստանի խնդիրն, ըստ այդմ, Եվրասիական համակարգում այնպիսի օրինակարգ, անբասիր, արժանապատիվ եւ վստահելի իշխանություններով ներկայանալն է, որն ի վիճակի կլինի տվյալ համակարգի ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները հասցնելու նվազագույնի։
Քանի որ ակնհայտ է, որ սարգսյանական ռեժիմն այն իշխանությունը չէ, որն ի զորու է իրականացնել այդ առաքելությունը, սա էլ մի լրացուցիչ հիմք է այդ ռեժիմից շուտափույթ կերպով ազատվելու համար։ Ես համոզված եմ, որ վերը նշված արժանիքներով օժտված նոր իշխանությունների ձեւավորման պարագայում Եվրասիական միության կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել արեւմտյան կամ համամարդկային արժեքների, այն է` ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն։
Ուստի, իմ կարծիքով, չափազանցված են եւ իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաեւ Եվրասիական միությանն անդամագրվելու հետեւանքով Հայաստանի ինքնիշխանության (սուվերենության) կորստի մասին խոսակցությունները։ Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ գործադրելու ունակություն։ Ցանկացած միջազգային կազմակերպության անդամագրվելով եւ այդ կազմակերպության անդամների հետ փոխադարձ պարտավորություններ ստանձնելով՝ պետությունները սեփական կամքով մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, որովհետեւ զրկվում են այդ պարտավորությունների շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից։
ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրոմիության անդամ եւ միջազգային կոնվենցիաներին միացած բոլոր պետություններն, այսպիսով, կորցրել են իրենց ինքնիշխանության մի մասը։ Դա նշանակում է, որ եթե անգամ Եվրասիական միության փոխարեն Հայաստանը ստորագրեր Եվրոասոցացման պայմանագիրը կամ նույնիսկ միանար Եվրոմիությանը, միեւնույն է, զրկվելու էր իր ինքնիշխանության որոշ մասից, գուցե ավելի, քան Եվրասիականի պարագայում։ Մի խոսքով, Եվրասիական միությունում Հայաստանն այնքան ինքնիշխան է լինելու, որքան Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Կիրգիզստանը…
Երրորդ դիտարկումը վերաբերում է Համաժողովրդական շարժման ղեկավարության կողմից հասարակությանը գործողությունների ճանապարհային քարտեզ եւ հստակ ժամանակացույց ներկայացնելու պահանջին։ Որեւէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով՝ անմիջապես հարկ եմ համարում նշել, որ սա անհիմն եւ քաղաքական առումով վտանգավոր պահանջ է, քանի որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումը չի կարող եւ իրավունք էլ չունի իր բոլոր քարտերը միանգամից բացել։
Պետք է հստակ տարբերություն դնել ռազմավարության (ստրատեգիայի) եւ մարտավարական (տակտիկական) հարցերի միջեւ։ Շարժման ստրատեգիան հայտնի է եւ որեւէ գաղտնիք չի պարունակում։ Մենք բացեիբաց հայտարարում ենք, որ ծրագրել ենք սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը եւ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետեւ կբացառեն լայնածավալ եւ համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը։ Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ, այսինքն՝ մինչեւ սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը, նույնն է թե՝ մինչեւ հաղթանակ։
Ինչ վերաբերում է տակտիկային, այն է` մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի հերթագայությանը եւ միջոցառումների ժամանակացույցին, ապա դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ… Շարժման տակտիկան բացահայտելու կարիքը չկա նաեւ մեկ այլ պատճառով։ Այս հրապարակում հավաքված ժողովուրդը հիմնականում ՀԺԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի համակիրներն են, որոնք լիովին վստահում են յուրաքանչյուրն իր կազմակերպությանը։ Հետեւաբար, ոչ ոք հիմք չունի կասկածելու, որ նշված ուժերի առաջնորդները սեփական կազմակերպություններից ինչ-որ բան են թաքցնում` շարժումը սխալ ճանապարհով տանելու նպատակով։ Քանի որ, ինչպես նախորդ հանրահավաքում նշեցի, ժողովրդի եւ մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ինչը մեր բռնած գործի հաջողության միակ գրավականն է, ուրեմն համաժողովրդական շարժման ղեկավարությունը կարո՛ղ է ձեզանից հայցել տակտիկական հարցերն ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը։
Այս հարցը ես հիմա դնում եմ քվեարկության. համաձա՞յն եք շարժման ղեկավարությանը տալ այդ իրավասությունը։
– Դե՞մ. չկա։
– Ձեռնպա՞հ. չկա։
Շնորհակալություն։
Սա էլ մեր պատասխանը չարախնդացող այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե իբր մենք հաշվի չենք նստում ժողովրդի կարծիքի հետ։

 

 

ՏԱՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ

Երեկ եռյակի հանրահավքի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ. «Մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը եւ համարում ենք, որ Սերժ Սարգսյանն իր՝ առ ոչինչ ստորագրությամբ Հայաստանը տանում է կործանման»:

«Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Մեծ Եղեռնի եւ հայրենազրկման 100-ամյակին ընդառաջ մենք հավաքվում ենք այստեղ: Շատ լուրջ է այս հրապարակը, եւ եթե այս հարթակում ազատ խոսքի վրա լինեն տարաձայնություններ, ձեր պահանջն է, որ մենք միասնական պիտի մնանք մինչեւ հաղթանակ: Համաձայն եք: Այսօր կամ սկզբի վերջն է, կամ վերջի սկիզբը: Քանի տարի առաջ ամերիկահայությունը փորձում էր տարանջատված մասերը միացնել, իմ հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, ամենակարճ ելույթն ունեցավ, ասաց՝ խոսքից գործ: Այսօր ուզում եմ ասել հետեւյալը՝ մենք հավաքվել ենք: Ով ուզում է, թող ասի Լեւոն եւ Կոնգրես, ով ցանկանում է՝ Բարգավաճի անունը տա, բայց դրանից բարձր կա մի անուն եւ մի պետական դրոշ: Դա Հայաստանն է: Դուք պատրա՞ստ եք կյանքի, մահվան պայքարի: Ոչ մեկ այստեղ կանգնած՝ առաջին նախագահը, պարոն Ծառուկյանը, նախկին արտգործնախարարը, պաշտոնյաներ, քաղաքացիներ, օրիգինալ միտքի տեր չեն: Օրիգինալ միտքը գալիս է ժողովրդից, դուք եք ասելու, որն է Հայաստանի վաղվա օրը: Մեզ պետք է հեղափոխություն, հեղափոխություն հոգու, մտքի, ազգի, քաղաքացու եւ մեր ազգային ապագայի: Էդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ իրավական եւ օրինական: Ով ուզում է բռունցք բարձրացնել Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի, Վարդան Պետրոսյանի համար, ազատություն քաղբանտարկյալներին: Ես հարգում եմ առաջին նախագահի տեսակետը, թեեւ որոշ հարցերում համաձայն չեմ: Եւ դա մեր շարժման հաղթանակի հիմքն է: Դրա մասին չպիտի խոսեինք, բայց նա խոսեց, եւ դա իր իրավունքն է, եւ ես պաշտպանում եմ այդ իրավունքը»,-հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
«Դուք գիտեք մեր տեսակետը, մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա հակապետական արձանագրություններին: Մենք դեմ ենք նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը եւ համարում ենք, որ Սերժ Սարգսյանը իր առ ոչինչ ստորագրությամբ Հայաստանը տանում է կործանման: Մինչեւ Հայաստանը միանա որեւէ միության, սայուզի, եվրասիական լինի, թե Եվրոպական, ինչ էլ լինի, ես համաձայն չեմ, որ անշրջելի է: Հայաստանը պետք է մտնի միայն Արցախի անկախությունը ճանաչած: Չնայած մեր անցյալ տարաձայնություններին՝ մենք կոչ ենք անում քաղաքական եւ քաղաքացիական բոլոր ուժերին միավորվել՝ մեր երկիրը փրկելու եւ սահմանադրության կարգը վերականգնելու համար»,-նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, թե ազատամարտիկները ցանկանում են նստացույց սկսել Ազատության հրապարակում: Որոշում կայացնելու իրավունքը նա թողեց Գագիկ Ծառուկյանին:

 




Լրահոս