Մայիսի 15-ին Իջեւանում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մեկնարկեց Իջեւան քաղաքի 70-ամյա բնակչուհի Սուսաննա Բեկնազարյանի բռնաբարության փորձի գործով դատավարությունը:
Մեղադրյալի աթոռին Իջեւանի 24-ամյա բնակիչ, ամուրի Վազգեն Օհանյանն է, որը գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 138 եւ 147 հոդվածների 1-ին մասերով այն բանի համար, որ 2011թ. հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը՝ ժամը 3-ին, ալկոհոլի ազդեցության տակ մուտք է գործել Իջեւանի Այգեստան-29 հասցեում գտնվող Ս. Բեկնազարյանի տուն, գողության փորձ կատարել, նաեւ բռնություն գործելով եւ սպառնալիքներով՝ տարեց կնոջ հանդեպ բռնաբարության փորձ արել: Դեպքին միջամտել է կնոջ 17-ամյա թոռը` Գարուշ Խաչատրյանը՝ այդպիսով կանխելով բռնաբարության փորձը: Նախկինում դատված Վ. Օհանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց միայն գողության, բայց ոչ բռնաբարության փորձի մեջ՝ ասելով, որ կյանքում նման բան չի կատարել, ապա հավելեց՝ լավ չէ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն էլ կրկնեց՝ լավ չէ: Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպան ունենալուց եւ ցուցմունք տալուց: Տուժող Ս. Բեկնազարյանը դատարանում հայտարարեց, որ Վազգենն իրեն «այլանդակել է», նաեւ՝ ծեծել: Տարեց կնոջ հիշողությունն այնքան էլ լավ չէր. նա, դեպքի օրվա հետ կապված, հիշեց հանգուցյալ ամուսնուն:
Դատավորը որոշեց նրա հարցաքննությունը շարունակել հետագայում, երբ ցուցմունքներ կտան գործով վկաները: Մայիսի 15-ին ցուցմունք տվեց միայն ամբաստանյալի հայրը` Օնիկ Օհանյանը, նիստին այլ վկաներ չէին ներկայացել: Դատավորը որոշեց դատը շարունակել մայիսի 22-ին՝ ապահովելով դատին այլ վկաների մասնակցությունը:
Տավուշ