Գյումրիում, կարելի է ասել, դեռեւս նախընտրական տրամադրություններ են: Ամենուր թեկնածուների, այս կամ այն կուսակցության գովազդային պաստառներն են: Մասնավորապես Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների տեղի պատասխանատուներն ընտրություններից հետո քարոզչական պաստառները չեն շտապում հեռացնել (Արման Սահակյան, Սամվել Բալասանյան, Գագիկ Ծառուկյան եւ այլն): Նախորդ ընտրությունների փորձն էլ ցույց է տվել, որ դրանք կարող են տարիներով մնալ այս կամ այն շենքի տանիքին կամ փողոցներում տեղադրված վահանակների վրա, անգամ` մինչեւ հաջորդ ընտրություններ:
Պարզվում է` նախընտրական քարոզչությունից հետո պաստառները հանելու՝ օրենքով սահմանված պարտադիր պայման գոյություն չունի, եւ քաղաքական ուժերը, այսպես ասած, բարի կամքի դրսեւորմամբ են իրենց դիմանկարները «հավաքելու» քաղաքի երեսից: Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը կարգավորում է նախընտրական քարոզչության ժամանակ քարոզչական պաստառների եւ քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգն ու փակցման ժամկետները: Սակայն թե երբ դրանք պետք է հեռացվեն հասարակական վայրերից, օրենքը չի սահմանում: «Երբ որ դադարում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, պաստառներն արդեն չեն կարող դիտվել որպես նախընտրական քարոզչության հետ կապված նյութ, քանի որ նախընտրական քարոզչություն այլեւս գոյություն չունի»,-պարզաբանում է թիվ 35 ընտրական ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը:
Իսկ փաստաբան Կարեն Թումանյանի խոսքերով՝ դժվար թե որեւէ թեկնածու շահագրգիռ լինի ավել վճարել այն բանի համար, որ ընտրություններից հետո էլ քաղաքական բովանդակությամբ վահանակները «զարդարեն» փողոցները, գործընթացը մասնավոր ընկերության եւ գովազդատուի միջեւ ստորագրված պայմանագրով է կարգավորվելու: «Այն, ինչը չի սահմանվում օրենքով, պետք է կանոնակարգվի էթիկայի նորմերով»,-ասում է փաստաբանն ու հավելում, որ թեկնածուների բարոյական պարտքն է քաղաքը մաքրել փակցված պաստառներից:
Մինչդեռ քաղաքական ուժերը թերեւս մտածում են, որ մինչեւ մյուս ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկն իրենք որեւէ օրենք չեն խախտում եւ կարող են գովազդել իրենց, հավատալու եւ փոխվելու կոչեր անել կամ խոսքը գործի վերածելու խոստումներ տալ ընտրական թոհուբոհից հոգնած ազգաբնակչությանը:
Գյումրի