ԱՇՏԱՐԱԿՑԻՆ ՈՒԶՈՒՄ Է ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող կոշիկի վերանորոգման կետի կոշկակար Խաչատուր Ամիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Նա անգամ մտադիր է լքել երկիրը:
Ծնունդով աշտարակցի Խաչատուր Ամիրյանը տասնհինգ տարի է, ինչ զբաղվում է կոշկակարությամբ, բայց մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ է: «14,5 տարի աշխատել եմ Չարենցավանի հաստոցաշինական գործարանում: Խառատի աշակերտից սկսել եմ ու հասել ինժեներ-կոնստրուկտորի: 30 տարեկանում արդեն արտադրամասի պետ էի: Դաստիարակություն եւ կրթություն ունեմ, ինչո՞ւ պետք է իմ երկրում տեղ չգտնեմ: Եկել նստել եմ ու այս արհեստով եմ զբաղվում»,-իրեն ներկայացրեց Խաչատուր Ամիրյանը:  
Աշտարակցի կոշկակարը գործը փոխելու մասին չի մտածում. «Ի՞նչ գործ անեմ: Եթե գործարանը լիներ, հիմա ես շատ-շատ բարձունքներ էի նվաճել իմ գիտելիքներով եւ փորձով: Ստիպված եկա ու սկսեցի անել այն, ինչ ձեռքիցս գալիս է»:
Նա ուզում է ճամպրուկները հավաքել եւ երկիրը լքել: «Աշխատող մարդն ի՞նչ իրավունք ունի օրվա հացի կարոտ լինի: 24 ժամից 14-ը նստած աշխատում եմ: Գողությամբ, ավազակությամբ չեմ զբաղվում, այլ իմ քրտինքով ուզում եմ իմ օրվա հացը վաստակել, բայց ոչ մի արդյունքի չեմ կարողանում հասնել: Ինձ կարո՞ղ եք այդ պարադոքսը բացատրել»,-վրդովված հարցրեց նա: Իր խոսքերով՝ մարդիկ կոշիկները տալիս են ու գումար չունենալու պատճառով տարիներով չեն գալիս դրանց հետեւից, հաճախ առանց վարձատրության է աշխատում: «Ստիպված առանց փողի պարկերով բաժանում եմ այդ մնացած կոշիկները, որովհետեւ կոշիկներ կան, որ անցյալ տարվանից փոշին վրան նստած է: Վերանորոգման արժեքը ընդամենը 1200 դրամ է կազմել, բայց փող չունեն, որ գան տանեն, ամաչում են»,-վիճակը նկարագրեց կոշկակարը:
Նրան հատկապես անհանգստացրել են մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները. «Սուտ է, երբ ասում են` հավատացե՛ք, որ փոխվի, ինչի՞ն հավատանք, ի՞նչը պետք է փոխեք, եթե այնտեղ շարմազանովներն ու գալուստսահակյաններն են նստած»:
«Ես հույս ունեի, որ արդյունքն այլ կլինի, բայց դե գիտեք, որ Հանրապետականն անցավ: Էլի իրանց ուզածը կանեն: Ի՞նչ սպասեմ իրենցից: Վաղը հենց աշխատատեղ կստեղծեն, մենք էլ կգնանք ու կաշխատենք»,-հեգնանքով նկատեց նա: Աշտարակցի կոշկակարը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր աղջիկն օտար երկրում է ապրում ու շատ գոհ է այնտեղի կյանքից: Խաչատուրի հարազատները համոզում են, որպեսզի թողնի ամեն ինչ ու հեռանա Հայաստանից, սակայն նա դեռ հույս ունի, որ իր երկրում օրերից մի օր կփոխվի ամեն ինչ, եւ իշխանություններն էլ կսկսեն հետաքրքրվել մարդկանց խնդիրներով: Միայն մեկ-մեկ զայրանալով ասում է, թե «թողնելու եմ գնամ»: Խաչատուր Ամիրյանն այսօրվանից արդեն հաստատ որոշում է կայացրել, որ մյուս տարվա նախագահական ընտրություններին չի մասնակցելու. «Չեմ կարծում, որ կգտնվի մի այնպիսի ուժ, որ փոփոխություն կմտցնի այստեղ: Ոչ մի սպասելիք չունեմ: Այնքան են խաբել, որ հուսալքվել ենք»:
Կոշկակարն իր աշխատանքային 15 տարվա ընթացքում նկատել է, որ մարդիկ շատ են բռիացել ու կոպտացել եւ սկսել են ստել: «Հոգեբան էլ ենք դարձել, արդեն գիտեմ, թե ում հետ ինչպես շփվեմ: Ցավալի է, որ կոպիտ մարդիկ ավելի շատ են: Շատ ուրախացա, որ Ձեզ հետ խոսեցի: Հոգիս մի փոքր հանգստացավ, թեթեւացա»,-անկեղծացավ հիասթափված աշտարակցին:
Հուսանք, որ Խաչատուր Ամիրյանը, այնուամենայնիվ, կմնա Հայաստանում ու կկարողանա իր համար հաճելի զբաղմունքի շնորհիվ արժանապատիվ գումար վաստակել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս