Նախօրեին կայացավ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւն առանձնազրույց են ունեցել, որից հետո նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ մինչ այդ Սարգսյանն ու Ալիևն առանձին-առանձին հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն էր ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը. «…ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացումից հետո»:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, երեք նախագահների հանդիպումն այս անգամ ի՞նչ տվեց ԼՂՀ-ին: Խնդրում եմ՝ կոնկրետ նշե՛ք ձեռքբերումները կամ մեր ունեցած առավելությունները:
-Ամառային բավականին թեժ իրադարձություններից հետո սա երրոդ նախաձեռնությունն էր Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների մակարդակով եւ սա եւս հավաստումն էր այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համար խիստ կարեւոր եւ էական է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Անընդունելի են բացառապես ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման եւ դրան տանող հայտարարությունները, անընդունելի են կողմերի միջեւ ռազմական, լոկալ բախումները, անընդունելի են ոտնձգությունները միմյանց սահմանների նկատմամբ: Բնականաբար բոլորը տեսնում են, որ գործողությունների աղբյուրն Ադրբեջանն է, ու այդ երեք հանդիպումների ժամանակ էլ ամենաբարձր մակարդակով ամրագրվեց, որ Մինսկի խմբի ձեւաչափում համանախագահ երկրների համար գերխնդիր է տարածաշրջանի խաղաղ զարգացումների ապահովումը: Կողմերն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանը տարածաշրջանում լինելով խաղաղության երաշխիք, կայուն պետություն եւ անընդհատ չտրվելով ադրբեջանական սադրանքներին, շարունակում է իր ամուր դիրքերը պաշտպանել բանակցային գործընթացում: Եւ, բնականաբար, գիտեն, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողություններն ինչ-որ պահի կարող են արդեն դուրս բերել տարածաշրջանը խաղաղ զարգացումից, սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, որի մասին բազմիցս արտահայտվել են ե՛ւ ՌԴ նախագահը, ե՛ւ ԱՄՆ նախագահը, ե՛ւ Ֆրանսիայի նախագահը, ինչպես նաեւ՝ համանախագահող երկրների ներկայացուցիչները: Փարիզյան հանդիպումը եւս մեկ անգամ ամրագրեց, որ հասարակություններին խաղաղության պատրաստելն էական նշանակություն ունի խնդրի խաղաղ կարգավորման համար:
-Բայց այդ հանդիմումների ժամանակ կարծես թե որեւէ կոնկրետ հարցի լուծում չի տրվում, ու տպավորությունն այնպիսինն է, որ դրանք սկսել են ձեւական բնույթ կրել, քանի որ ամեն մի երկրի նախագահ իր շահերից ելնելով է նման նախաձեռնությամբ հանդես գալիս:
-Բանակցային 20 տարիների ընթացքում շատ հանդիպումներ են եղել ամենատարբեր մակարդակներով՝ երկկողմ, եռակողմ, տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում, բայց դրանիցից որեւէ մեկը ձեւական անվանել, իմ կարծիքով, չի կարելի, որովհետեւ մենք գործ ունենք շատ նուրբ խնդրի հետ: Որեւէ մեկը չի կարող կացնով լուծել այս խնդիրը կամ ուժային մեխանիզմով լուծել, որեւէ մեկը չունի բավարար այն մանդատը, որ ճնշի ՀՀ-ին կամ Ադրբեջանին: Բայց միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ ԼՂՀ-ն անելիք չունի Ադրբեջանի կազմում, եւ շատ լավ հասկանում է, որ ԼՂՀ-ն արդեն իսկ կայացող եւ ձեւավորված պետություն է իր իրավական, քաղաքական եւ տնտեսական առումներով: Հետեւաբար՝ դրան պետք է տալ ինսիտուցիոնալ նշանակություն, այսինքն՝ խնդիրը բերել միջազգային ճանաչման մակարդակի՝ ինքնորորշման իրացման միջոցով: Դա նշանակում է բանակցային գործընթացն այլընտրանք ունենալ չի կարող, որովհետեւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե երկրորդ պատերազմը, եթե տեղի ունենա, ինչ ավերածություններ ու հետեւանքներ կբերի:
Հետեւաբար՝ Հայաստանի խնդիրն է ամբողջությամբ հանձնառու եւ երաշխավոր լինել ԼՂՀ բնակչության անվտանգության եւ իրավունքի պաշտպանության համար: ԼՂՀ-ի խնդիրն է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, հետեւաբար՝ պետք է ԼՂՀ-ն վաղ թե ուշ նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ ինքն էլ արդեն իրավասություն ստանա քննարկելու փոխզիջումային խնդիրները: Իսկ Ադրբեջանի խնդիրն է ընդունել, ընկալել՝ ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Դա միջազգային նորմ է: Հետեւաբար՝ կողմերից յուրաքանչյուրն ունի իր անելիքը, մեզ համար շատ կարեւոր է Մինսկի խմբի ձեւաչափը, որովհետեւ տարածաշրջանում բանակցության, կայունության եւ նաեւ բանակցային ձեւաչափի միակ երաշխավորն է:
Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է պահպանել խաղաղություն եւ պահպանել բանակցային գործընթացը, ինչը եւ անում են, այսինքն՝ ակնկալել, որ խումբը վաղը կգա ու ԼՂՀ հարցի դեղատոմսը կներկայացնի, ու դա բոլորը կկիրառեն, այդպես չի լինելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ