Յուրաքանչյուր ընտրություններից առաջ՝ լինի Ազգային Ժողովի, թե նախագահական, բոլոր նախընտրական շտաբների աշխատակիցները նախընտրական պաստառներ են փակցնում քաղաքապետարանի կողմից անվճար հատկացված վայրերում եւ ոչ միայն: Սակայն ընտրություններից հետո հաճախ մոռանում են դրանք հանելու մասին: Բացառություն չէին նաեւ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները: Սակայն ո՛չ ՀՀ ընտրական օրենսգիրքը, ո՛չ տեղական ինքնակառավարման օրենքը չեն սահմանում, թե ընտրություններից հետո ով է պարտավոր արդեն աղբ համարվող պաստառները պատերից մաքրել: «Ով որ փակցրել է, առաջին հերթին ինքը պետք է ազատի քաղաքը այդ նախընտրական պաստառներից, որովհետեւ ընթացքում այդ պաստառների վրա չգիտեմ ովքեր ծաղրանկարներ են անում: Բացի այդ երեւույթից, պաստառները հանելը բավականին ծախսատար է: Հատկապես բարձր տեղերում հատուկ տեխնիկա է պետք»,-նշեց Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը:
Խնդրի վերաբերյալ Վանաձորի քաղաքապետարանը թաղամասային հիմնարկների տնօրեններին հանձնարարել է բանվորական ուժի մասնակցությամբ հնարավորինս մաքրել հավաքել պաստառները: Առաջիկա օրերին Վանաձորի քաղաքապետարանը նաեւ պատրաստվում է դիմել առաջադրված թեկնածուներին` նրանցից պահանջելով քաղաքը մաքրել իրենց ժամկետանց պաստառներից:
Լոռի